ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարապետ Ռուբինյան. «Որակ գցողը պայքարի ելածները չեն՝ պայքարից խուսափող կոնֆորմիստներն են»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, քանի որ ընդդիմության որակը այն չէ: Նրա կարծիքով, ապրիլյան ներքաղաքական գործընթացներով պայմանավորված փողոցում հոծ բազմություն չենք տեսնի, քանի որ այդ մասին խոսում են միայն խորհրդարանական «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հանուն Հայաստանի փրկության» ճակատը: Բացի այդ, երկուսն էլ տարբեր մարտավարություններով են հանդես գալիս: Եվ եթե ՔՊ–ն կողմ է բացառապես խաղաղ պայքարին և հայտարարում է «բաց ձեռքերով» ակցիաների մասին, ապա մյուս ուժն ավելի ազատական պայքարին է կողմնակից և չի բացառում, որ պայքարի ինչ–որ մի փուլում կարող է անգամ կոշտ քայլերի դիմել:

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, պատասխանելով «Փաստ»–ի հարցին, թե արդյոք ընդդիմությանը հաջողվո՞ւմ է մեկ ընդհանուր ճակատ ձևավորել և պայքար ծավալել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածության, Սահմանադրական նոր տարբերակը չեղյալ հայտարարելու պահանջի և մնացած այն հարցերի շուրջ, որոնք կարծես թե ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին պետք է միավորեր, նշեց, որ ճիշտ է՝ ժամկետը սեղմ է, բայց գործընթացը նոր է սկսվել և, քանի որ պայքարելու պատրաստ ուժերի և անհատների համար թիրախը նույնն է, ամենահավանականն այն է, որ պայքարն էլ միասնական կդառնա: 

«Միասնական ասելով՝ նկատի պետք է ունենանք գործողությունների համակարգումն ու ներդաշնակեցումը, և այդ առումով գործընթացը սկսված է ու էական խոչընդոտներ չկան: Ամենևին կարիք չկա մեկ միասնական մարմին ստեղծել կամ միասին նույն բանը անել, հակառակը՝ ավելի արդյունավետ կլինի, եթե Սերժ Սարգսյանի փտած համակարգին հարվածները տեղան տարբեր կողմերից»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Պատասխանելով հարցին, թե համակարծի՞ք է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի այն տեսակետի հետ, թե փողոցային պայքարը չի ստացվում, քանի որ ընդդիմությունը բավարար որակ չի կարողանում ապահովել, ԱԺ նախկին փոխնախագահն ասաց.

– Ստացվել–չստացվելը գնահատելու համար դեռ շուտ է՝ բոլոր հնարավոր ուժերը դեռ չեն մտել պայքարի մեջ: Ինչ վերաբերում է որակին. երկրի ապագայով մտահոգ, պատվախնդիր բոլոր քաղաքացիների պարտքն է անտարբեր չմնալ, երբ երկրի կառավարման բոլոր ոլորտներում տապալված մեկը ակնհայտ ստի ու կեղծիքների ճանապարհով փորձում է բռնազավթված պահել իր ոչուփուչ իշխանությունը՝ զրկելով երկիրը զարգացման հեռանկարից: Այ, երբ ձեր նշած և մյուս քաղաքագետները, իսկ ավելի լայն առումով մտավորականություն կոչվածը, ոչ թե կողմնակի դիտորդի դեր ստանձնած, Սերժ Սարգսյանի ակնհայտ անորակությունը մի կողմ թողած, չզբաղվեն պայքարողների որակը քննադատելով, այլ հրապարակայնորեն միանան բողոքին, կամ, ընտրելով պայքարելու իրենց հարմար ձևը, լրացնեն պայքարի ելածների շարքերը, այնժամ կունենանք անհրաժեշտ որակը: Որակ գցողը պայքարի ելածները չեն՝ պայքարից խուսափող կոնֆորմիստներն են:


Արմինե Գրիգորյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular