ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բախտավոր եմ, որ այդ կանայք իմ կողքին են, միևնույն ժամանակ՝ դժբախտ…»Ավո Խալաթյան

ՎԻԴԵՈ

Գեղեցիկ սեռի տոնական մեկամսյակի շրջանակում BRAVO.am-ը կներկայացնի զրույցներ հայտնի հայ տղամարդկանց հետ, որոնց խնդրել ենք պատմել իրենց կյանքի գլխավոր կանանց մասին: Ավո Խալաթյանը ոչ միայն խոսել է մայրիկի` դերասանուհի Փիրուզա Խալաթյանի մասին, հիշել մանկության տարիների իր չարաճճիությունները, այլեւ ասել է, թե ովքեր են իր կյանքի երեք գլխավոր կանայք:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Համով չարաճճիություններ

Շատ չարաճճի չեմ եղել: Խելացի էի, լսող եւ միայն համով չարաճճիություններ էի անում: Թեեւ ընտանիքում միակ երեխան եմ եղել, բայց հայրս, մայրս այնքան ջերմություն են տվել, որ երբեք միայնության համախտանիշով չեմ տառապել: Իսկ մանկությունս երկու բակում էր անցնում՝ մորական տատիկիս տան եւ մեր տան:

«Մի քանի աշխատավարձի օր լացել եմ»

Հիշում եմ, որ իմ մանկության տարիներին 25 մասանոց մեքենաների հավաքածուներ կային, որ վաճառվում էին «կոմիսիոններում»: Մի քանի աշխատավարձի օր լացել եմ դրա համար, եւ մի լավ օր մայրս գնեց այն ինձ համար: Երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել ու միշտ խաղալիքներովս կիսվել եմ ընկերներիս հետ:

«Մայրս շատ կոշտ ասաց …»

Մի անգամ էլ, երեւի 2-3-րդ դասարանում էի սովորում, մայրիկի հետ փորձի էի գնացել Պատանի հանդիսատեսի թատրոն, Երվանդ Ղազանչյանը բեմադրում էր «Մկների ժողովը» ներկայացումը, որով պետք է հյուրախաղերի մեկնեին Ֆրանսիա: Մի հատված կար, որտեղ դերասանները պետք է մկան ձայն հանեին, սակայն չէին կարողանում: Իսկ ես դահլիճում նստած հետեւում էի ու միեւնույն ժամանակ փորձում էի այդ ձայնը հանել: Երբ պարոն Ղազանչյանը նկատեց, որոշեց ինձ էլ օգտագործել ներկայացման մեջ, այդ ժամանակվանից բախտս բացվեց:): Պետք է մայրիկիս ձագը լինեի, բայց նա շատ չոր ու կոշտ ասաց` եթե չսովորեմ բազմապատկման աղյուսակը, ոչ մի Փարիզ: Այդպես էլ չգնացի: Ճիշտ է՝ այն ժամանակ նեղվել էի, քանի որ ինձ համար տոն էր նույնիսկ Ծաղկաձոր, Սեւան գնալը, բայց հիմա հասկանում եմ, որ այդ տարիքում ոչինչ էլ չէի հասկանա Փարիզից:

«Շատերը կերազեն»

Միշտ պրեմիերաներից, ներկայացումներից հետո, որոնց մայրս ներկա է լինում, սարսափով եմ տուն գնում` մտածելով՝ ինչ կասի սխալներիս համար, քանի որ միշտ ինձ ճիշտ ուղղություն է տալիս, դիպուկ բնորոշում է թերությունները: Աստված տա` նա երկար կյանք ունենա, եւ միշտ լսեմ խորհուրդները: Կարծում եմ՝ շատերը կերազեն իրենց կողքին մայրիկիս նման խորհրդատու ծնող ունենալ, իսկապես հազվադեպ պատահող բան է:

«Իմ կյանքի կանայք»

Իմ կյանքում երեք գլխավոր կին կա` մայրս, կինս եւ, իհարկե, աղջիկս` Էլիզաբեթը: Եթե խոսեմ մայրիկիս եւ Նունեի մասին, բախտավոր եմ, որ այդ երկու կանայք իմ կողքին են, միեւնույն ժամանակ՝ դժբախտ, քանի որ նրանք կարծես մեկը մյուսի փաստաբանը լինեն: Իրարից անկախ` նույն խորհուրդն են տալիս, իսկ երբ միասին են` ես պրծում չունեմ:

«Ի՞նչ կարող եմ ասել…»

Ամբողջ հոգով եւ սրտով շնորհավորում եմ մայրերին, կանանց եւ աղջիկներին: Թող ժպիտը, գեղեցկությունը երբեք չմարի նրանց դեմքից: Ի՞նչ կարող եմ ասել մեզ ստեղծողներին, կյանքի շղթան շարունակողներին, ինչ էլ մաղթես նրանց` քիչ է:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահե Մինասյանի եւ BRAVO.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular