Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. դաժանի ծեծի հետևանքով մահացել է Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմբինատի 53-ամյա մոդելագործը. կասկածյալ ազգականները Բագրատաշենի անցակետում Սյունիքի մարզի ոստիկանների կողմից բռնվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՎԻԴԵՈSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր, փետրվարի 18-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի), ոստիկանության Կապանի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնի (բաժնի պետ՝ Արա Դարբինյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Մանրամասն ՝ այստեղ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ:
Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Գևորգյանի, ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Ա. Շմավոնյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ:
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ քննչական վարչության պետ, Վ. Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ, նրա կինը՝ Ռուզաննան, աշխատում է Քաջարանի մանկապարտեզում՝ որպես տնօրեն:
Իսկ կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված անձինք Վ. Մանուչարյանին ծեծի են ենթարկել ու սպանել մեկ այլ տեղ, իսկ հետո դին տեղափոխել Շահումյան փողոց:
Նշված անձինք, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել են, և չի բացառվում, որ նախաքննության ընթացքում հոդվածը վերաորակվի ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: