Ազգերի լիգա. Առուն չթռած՝ հոպ մի ասեք
ՍՊՈՐՏԱզգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Լիխտենշտեյնի, Ջիբրալթարի ու ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանիները:
Վիճակահանությունից հետո հայ ֆուտբոլասերների մոտ տարբեր մտքեր հայտնվեցին: Մի մասն իմացավ, որ Հայաստանից բացի ֆուտբոլ խաղում են նույնիսկ Ջիբրալթարում ու Լիխտենշտեյնում:
Ըստ շատերի՝ մենք արդեն մրցաշարի եզրափակչում հաղթել ենք Ադրբեջանին ու նվաճել ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր: Ֆուտբոլասերների մի հատված էլ փորձեց իրատես լինել՝ հասկանալով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում և մեր ընտրանուն խմբում բացահայտ ֆավորիտ համարելը մի փոքր սխալ է:
Վիճակահանությունից դժգոհողներ չպետք է լինեն: D դիվիզիոնի բոլոր զամբյուղներից մեզ բաժին են հասել ամենահարմար մրցակիցները: Ջիբրալթարից ու Լիխտենշտեյնից ավելի թույլ հավաքական դժվար թե գտնվեր, իսկ ՆՀՀ Մակեդոնիան ավելի նախընտրելի է, քան նույն զամբյուղում գտնվող Վրաստանի ու Բելառուսի ընտրանիները: Կարծես թե բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի Արթուր Պետրոսյանի թիմը նվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր, սակայն մի պահ բոլորին երկնքից իջեցնել է պետք ու բացատրել, որ հաջողության հասնելու համար պետք է նախ հաղթանակներ տոնել և վերջապես՝ «առուն չթռած՝ հոպ ասել չի կարելի»:
Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ
Կարծիքները տարբեր կարող են լինել, սակայն մի բան հստակ է, որ այս մրցաշարն իրական հնարավորություն է տալիս մեր հավաքականին Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար: Խմբային փուլը մեկնարկելու է սեպտեմբերին և մինչև այդ շատ բան կարող է փոխվել: Չենք կարող վստահ ասել, թե այդ ժամանակ ինչ մարզավիճակում կլինեն թե՛ մեր, թե՛ մրցակից երկրների ֆուտբոլիստները:
Անկախ ամեն ինչից, երկրպագուները մինչև մրցաշարի ավարտն իրենք իրենց նույն հարցն են տալու՝«Եթե այս հնարավորությունից էլ չօգտվենք, ապա էլ ե՞րբ կարող ենք մասնակցել Եվրոպայի առաջնությանը»:
Պարզապես տեսեք Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականների պատմությունը: Ջիբրալթարը վերջերս է ընդգրկվել ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կազմում: Իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էլ տարել է Մալթայի նկատմամբ՝ 1:0 հաշվով: Լիխտենշտեյն էլ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նախընտրական փուլերում գրեթե միշտ եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Նրանց հետ խաղալու փորձ չունենք, սակայն հասկանալի է, որ եթե ցանկանում ես հանդես գալ ԵՎՐՈ-2020-ում, ապա պետք է հաղթես նման կարգի հավաքականներին:
Խմբում միակ թիմը, որի հետ խաղալն իսկական փորձություն է, ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանին է: Հենց նրանք են լինելու մեր հիմնական մրցակիցները: Չնայած մակեդոնական ֆուտբոլի վերելքին՝ նրանց հետ խաղալու ու հաղթելու փորձ ունենք: Մակեդոնացիների հետ կռիվ ենք տվել 6 անգամ՝ տանելով 2 հաղթանակ, խաղալով 2 ոչ-ոքի ու կրելով նույնքան պարտություն:
Պատմական վիճակագրությունն էլ խոսում է այն մասին, որ մենք ու մակեդոնացիները հավասարազոր թիմեր ենք: Նրանք էլ իրենց պատմության մեջ ունեցել են բավականին ուժեղ հավաքականներ, տարել են տպավորիչ շատ հաղթանակներ, սակայն նրանց ու ընդհանրապես մյուս բոլոր հավաքականների դեմ մենք ունենք մեկ գլխավոր առավելություն…
Մխիթարյան > D դիվիզիոն
Փորձելով վերլուծել Հայաստանի ընտրանու հնարավորություններն այս խմբում՝ ամենաառաջինը մտքներիս մեկ կարևոր հանգամանք է գալիս՝ մենք ունենք Հենրիխ Մխիթարյան. ֆուտբոլիստ, որի մակարդակի խաղացող ոչ միայն մեր խմբում, այլ նաև մեր դիվիզիոնում չկա:
Շատերը կարծում եմ, որ միայն Հենրիխի ներկայությունը մեզ ֆավորիտ է դարձնում, սակայն միայն նրանով մենք հաջողության հասնել չենք կարող:
Հայաստանի հավաքականը «Քլիվլենդ Կավալերսը» չէ, իսկ Հենրիխը՝ Լեբրոն Ջեյմսը: Երբ «Կավալերսի» խաղը չի ստացվում, նրա երկրպագուները հույս ոնեն, որ շուտով Լեբրոնը կարթնանա, գնդակը կփոխանցեն նրան, իսկ նա մի քանի անհավանական նետում կանի ու կփրկի իր թիմին: Եվ դա գրեթե միշտ այդպես է լինում:
Ֆուտբոլում մեկ հոգին շատ բան փոխել չի կարող: Մխիթարյանը չի կարող ամեն անգամ վերցնել գնդակը, միայնակ շրջանցել բոլորին ու արդյունքի հասնել: Նրան հարկավոր են իր խաղամակարդակի գոնե կեսն ունեցող երկու-երեք ֆուտբոլիստ, ովքեր կաջակցեն թիմի ավագին խաղադաշտում: Ցավոք, այժմ մենք չունենք նման կարգի կատարողներ: Պետք է սառը գլխվով դատել ու հասկանալ, որ Մխիթարյանին ունենալը մեր գլխավոր առավելությունն է մյուս հավաքականներից, սակայն միայն այդքանը:
Մենք մեր կազմում ունենք ֆուտբոլային գերաստղ և գրեթե վերջ: Խաղադաշտում բոլորը հավասար են լինելու ու մեր ընտրանուց ոչ մի հավաքական չի վախենալու միայն նրա համար, որ մեր թիմում «զինագործ» է հանդես գալիս:
Իհարկե, մյուս կողմից սա 29-ամյա ֆուտբոլիստի՝ Հայաստանի Հավաքականին Եվրոպայի առաջնություն դուրս բերելու վերջին՝ շատ լավ հնարավորությունն է: Մխթարյանն իր կարիերայում ինչ-որ տեղ նման բարձունքների է հասել հենց ազգային հավաքականի շնորհիվ: Այժմ եկել է հավաքականին պարտքերը վերադարձնելու ժամանակը: Հենրիխը պետք է կրկնակի եռանդով հանդես գա Ազգերի լիգայում՝ ցույց տալով իսկական առաջատարի որակներ:
Շարունակությունը` այստեղ