Տնտեսությունը փչացնելու արդյունավետ ձև. արտոնյալներ՝ մեր հաշվին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում երկու ընկերությունների հարկային արտոնություններ շնորհեցւ:
Ինչպես արդեն նշել ենք, դրանցից մեկը վերաբերում է «Որոտան սիսթեմս» ընկերության կողմից ներկրվելիք սարքավորումներից գանձվող ԱԱՀ-ն երեք տարով հետաձգելուն: Իսկ մեկ այլ որոշմամբ «Սեւան ակվա» ընկերությունը ընդհանրապես ազատվեց ներկրվելիք սարքավորումների դիմաց մաքսատուրք վճարելուց ու նաեւ, ինչպես «Որոտան սիսթեմսի» դեպքում, երեք տարով հետաձգվեց սարքավորումների ներկրումից առաջացող ԱԱՀ-ի վճարումը: Սա տվյալ ընկերությունների համար շոշափելի արտոնություն է:
Առաջին հայացքից կառավարությունը սրանով խթանում է տնտեսության զարգացումը, ստեղծում ավելի նպաստավոր պայմաններ ներդրումների համար...: Իրականում, սակայն, պատկերը ճիշտ հակառակն է: Առանձին ընկերությունների նմանատիպ արտոնությունների տրամադրումը խաթարում է տնտեսության զարգացման համար անհրաժեշտ կարեւորագույն ու հիմնարար սկզբունքը` մրցակցությունը, տնտեսվարման հավասար պայմանները:
Սրանում համոզվելու համար ուսումնասիրենք վերը նշված ընկերությունների գործունեությունը, ինչպես նաեւ նախկինում նմանատիպ արտոնությունների մի քանի օրինակներ: «Որոտան սիսթեմս» ընկերությունը պատկանում է Սենիկ Ջուլհակյանին: Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի մտերիմներից է: «Որոտան սիսթեմսը» փոքր ՀԷԿ է կառուցում Խնձորեսկ գյուղում: Նախկինում փոքր ՀԷԿ կառուցած քանի՞ ընկերություն է կարողացել իր սարքավորումները ներկրելիս երեք տարով ազատվել ԱԱՀ-ի վճարումից: Եթե Հայաստանում կառուցված գոնե մեկ փոքր ՀԷԿ չի ունեցել նման արտոնություն, ապա ակնհայտ է, որ կառավարությունը հովանավորչություն է իրականացնում իրեն «հարազատ» ընկերության նկատմամբ: Ընկերությունն էլ, ինչպես նշեցինք, պատկանում է Լիսկայի մտերիմներից մեկին:
Թե բարձրաստիճան պաշտոնյաներից որին, կամ ում մտերիմին է պատկանում «Սեւան ակվա» ընկերությունը, դեռ հայտնի չէ: Գուցե եւ ոչ մի «բարձրաստիճան» մտերմություն այս ընկերության սեփականատերերը չունեն: Բայց այդ ինչո՞ւ է կառավարությունը որոշել ըստ էության հարկատուների հաշվին ֆինանսական աջակցություն ցուցաբերել միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու պատրաստ ձկնաբուծական մի ընկերության, որը ձուկ է աճեցնելու Սեւանի մեջ տեղադրված ցանցերի մեջ: Այս հարցը ավելի արդիական է դառնում Ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանի` երեկ արած հայտարարությունների ֆոնին: Նա հայտարարել է, թե միայն անցած տարի 77 ձկնաբուծական ընկերություններ դադարեցրել են գործունեությունը, իսկ վերջին երկու օրերին՝ եւս 5 տնտեսվարողներ: Ձկնաբուծությամբ զբաղվող քանի՞ փոքր տնտեսվարող է ստացել նման արտոնություններ: Ստացվում է, որ այս դեպքում եւս կառավարությունը պետական մակարդակով հովանավորում է մեկ` կոնկրետ վերցրած ընկերության:
Բոլորովին վերջերս կառավարությունը նմանատիպ արտոնություններ տվեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությանը բջջային ցանցի արդիականացման համար: Այդպիսի արտոնություններից չեն օգտվել «Յուքոմի»` այդ նույն դաշտում գործող մրցակիցները` «ԱրմենՏելը» եւ «Վիվասելը»: Ստացվում է, որ նույն դաշտում գործող երեք ընկերություններից մեկը արտոնյալ կարգավիճակ ունի ու դա էլ կառավարության հովանավորության շնորհիվ:
2014 թվականի հուլիսյան մի շոգ օր կառավարությունը էլի նիստ արեց եւ հարկային արտոնություններ շնորհեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա եւ Գ» ՍՊԸ-ին: Դե սա այն հայտնի ՍՊԸ-ն է, որը զբաղվում է աշխարհահռչակ օղիների կրկնօրինակմամբ: Այսինքն, կառավարությունը պաշտոնապես հարկային արտոնություն տվեց ակնհայտ կեղծարարությամբ զբաղվող մի ընկերության:
2014 թվականի մայիսին կառավարությունից հարկային արտոնություններ պոկեց «Արմյանսկիյ Ուրաժայ» անունը կրող ընկերությունը, որի հիմնադիրները Արամ եւ Աբել Ղարիբյաններն են: Արամ Ղարիբյանը Սերժ Սարգսյանի խորհրդականն է:
2009 թվականին հարկային արտոնություններ ստացավ «Ախթամար» ընկերությունը, որը պատկանում է Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին: Վերջինս Սերժ Սարգսյանի ամենամտերիմ ու հավատարիմ օլիգարխների ցանկում էր: «Ախթամարը» արտոնությունը ստացավ Սեւանի ափին հյուրանոց ու ճոպանուղի կառուցելու համար: Թե ինչ ահռելի ազդեցություն ունեցավ այդ հյուրանոցը մեր տնտեսության զարգացման վրա, դժվար է ասել, բայց Ալրաղացի Լյովիկի այդ «օբեկտը» ներկայումս յուրահատուկ, շատ յուրահատուկ համբավ ունի: Այդտեղ գործում էր նաեւ կազինո: Ու փաստորեն կառավարությունը հարկատուների հաշվին արտոնություններ շնորհեց մի, պատկերավոր ասենք՝ կասկածելի համբավ ունեցող օբյեկտի ու կազինոյի: Ի դեպ, 2009 թվականին 3 տարով տրամադրված արտոնության ժամկետը լրացել է 2012 թվականին, իսկ 2013-ին կառավարությունը երեք տարով երկարաձգել է այն` մինչեւ այս տարվա օգոստոսը:
Օրինակները կարող ենք շարունակել, բայց այսքանն էլ բավարար է՝ համոզվելու համար, որ նման արտոնությունները որեւէ կերպ չեն նպաստում տնտեսությանը: Իհարկե, նման արտոնություններ ստացած ընկերությունների մեջ կան հատուկենտ նորմալ ընկերություններ, բայց վերջիններս ընդամենը քողածածկ են ծառայում: Իրականում հարկային արտոնությունների տրամադրման այս համակարգով այլանդակվում ու ձեւախեղվում են տնտեսական հարաբերությունները: Իսկ կառավարությունը այդ քողի տակ ուղղակիորեն, պետական բյուջեից ֆինանսավորում է օլիգարխներին ու մոնոպոլիստներին, էլ ավելի ամրապնդելով նրանց դիրքերը: