Արտակարգ դեպք Թեհրան-Երեւան չվերթի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու կողմից Թեհրան-Երեւան չվերթով թմրամիջոց եւ հոգեմետ դեղեր տեղափոխելու փաստի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Հորմոզ Բեռնաքին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 18-ին Թեհրան-Երեւան չվերթով մաքսային հսկողությունից թաքցնելով իր ճամպրուկի մեջ քողարկված թմրամիջոցները՝ փորձել է Հայաստան տեղափոխել 16,424 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ 130 հատ հեգեմետ դեղահաբ:
Այժմ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի(Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) երրորդ մասի առաջին կետով եւ 268-րդ հոդվածի(Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) երկրորդ մասի հատկականիշներով:
Առաջինը պատժվում է երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Երկրորդը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:
Որպես իրեղեն ապացույց գործին են կցվել նրա ճամպրուկն ու մեկ ծրարը: Հորմոզ Բեռնաքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: