«Կստեմ, եթե ասեմ՝ փոքր ժամանակ սովորական աղջիկ եմ եղել». թագուհու կերպարով Օլյա Հակոբյանը
ՎԻԴԵՈNews.am -ը գրում է՝
Երեւի ցանկացած աղջիկ երբեւէ երազել է լինել արքայադուստր կամ թագուհի, սակայն դերասանուհի Օլյա Հակոբյանի համար թագուհի լինելը բաղձալի երազանք չի եղել: Այնուամենայնիվ, չնայած ցուրտ եղանակին՝ Օլյան սիրով համաձայնվեց լուսանկարվել NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում՝ ներկայանալով հենց թագուհու կերպարով: Ֆոտոշարքից հետո Օլյայի հետ զրուցեցինք մանկության երազանքների, առաջիկա Ամանորի եւ նկարահանման դժվարությունների մասին.
«Թագուհի լինելու մասին երազել եմ, բայց կստեմ, եթե ասեմ՝ փոքր ժամանակ եղել եմ սովորական աղջիկ՝ իր երազանքներով: Ես ավելի շատ սիրում էի բակ իջնել եւ խաղալ տղաների խաղեր: Հաճախում էի կարատեի, բասկետբոլի... Այնպես որ՝ թագուհի լինելն իմ ամենաբաղձալի երազանքը չէր»:
Ինչպես շատերը՝ Օլյան եւս Game of Thrones հեռուստասերիալի երկրպագուհի է, եւ նրան, հատկապես, հոգեհարազատ է Սերսեայի կերպարը.
Զգեստը՝ Udida
«Ինքս էլ շատ կցանկանայի այդ կերպարը մարմնավորել»,-խոստովանում է դերասանուհին, որին սովորաբար տեսնում ենք բացասական կերպարներում: Նրանից հետաքրքրեցինք՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
«Չունեմ դրա պատասխանը: Երեւի արտաքինս է այդպես տրամադրում: Բացասական կերպարները խանգարում են, եթե լուրջ վերաբերվես այդ ամենին: Ես թեթեւ եմ վերաբերվում, եւ դա ինձ չի խանգարում»:
Թագուհի լինելն ունի շատ առավելություններ: Մեր ֆոտոշարքում թագուհու մարմնավորած Օլյայից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կաներ, եթե լիներ թագուհի.
«Եթե լինեի թագուհի, բնականաբար, կապրեի դղյակում: Կուզեի, որ այն լիներ քաղաքից հեռու: Իսկ ամենօրյա գրաֆիկիս մեջ կմտներ մերսումը: Հանգիստս կցանկանայի անցկացնել ծովի մոտ՝ ալիքներին նայելով: Նաեւ կունենայի հզոր զորք: Լավ, ես արդեն ֆանտազիայի գիրկն եմ ընկնում (ծիծաղում է)»:
Զգեստը՝ ArmiMarti
Ի դեպ, հանուն ֆոտոշարքի Օլյան դիմացավ բավականին ցուրտ եղանակային պայմաններին, ինչը դերասանուհու համար նորություն չէր.
«Իրականում հաճախ եմ նման իրավիճակներում հայտնվում: Շատ էի մրսում, բայց պետք է նշեմ, որ անցած տարի ավելի դաժան իրավիճակում եմ եղել, երբ «Թաքնված սեր» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ թեթեւ բլուզով ձյան մեջ պետք է պառկեի, քանի որ սցենարն այդպես էր պահանջում: Ի դեպ, անցած տարվա ձմեռն իսկապես դաժան էր»,-ասում է դերասանուհին:
Ինչ վերաբերում է Ամանորի գիշերվան՝ Օլյան դեռ չի պլանավորել՝ ինչպես է այն անցկացնելու. «Կարծում եմ՝ կքնեմ (ծիծաղում է)»: Իսկ հայերին դերասանուհին մաղթում է. «Թող բոլորի երազանքները կատարվեն եւ մարդիկ լինեն երջանիկ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան
Դիզայներներ՝ Մարիա Արամյան (Udida)
Արմինե Մարտիրոսյան (ArmiMarti)
Թագը՝ Լիլիթ Կարապետյանի (Art House)