«Սասնա ծռեր» խմբից որեւէ տեղեկություն չկա. նրանց հեռախոսահամարները դարձյալ արգելափակվել են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԽորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել: Թեեւ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցների թիվն այնտեղ շատ փոքր է եղել, սակայն ոստիկանությունը ցրելու փորձ չի արել:
Չնայած սրան, մինչ այս պահն որեւէ լուր չկա ՊՊԾ գնդի ներսում եղած իրավիճակի մասին. արդեն մի քանի ժամ է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ: Նրանց հեռախոսահամարները կրկին արգելափակված են:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ եւս նրանց հեռախոսները արգելափակվել էին, սակայն Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ոստիկաններին հորդորելով միացնել հեռախոսները՝ հակառակ դեպքում «Սասնա ծռեր» խմբի անդամները դա կընկալեն որպես բանակցությունների խզում եւ համապատասխան գործողությունների կդիմեն: Այս հայտարարությունից հետո «Սասնա ծռեր»-ի հեռախոսները միացվեցին: