«Նոր Հայաստանում» չի քննարկվել ընտրություններին մասնակցելու հարցը. Վարուժան Ավետիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը անհիմն է համարում այն լուրերը, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ համաձայնություն է ձեռքբերվել, որ ընդդիմությանը համախմբելու երրորդ փորձն էլ ձախողվելու դեպքում քննարկվելու է միասնական ուժերով ընտրությունների գնալու տարբերակը: Այս մասին Վարուժան Ավետիսյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարկմանը, որի համաձայն՝ ընդդիմության շրջանում մտմտում են 2017 թվականի ընտրություններին հնարավորինս լայն դաշինքով մասնակցելու հարցը:
«Նման միտք չի եղել, նման խոսակցություն չի եղել, նման օրակարգ չի եղել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Անդրադառնալով այն գնահատականներին, որ չի բացառվում «Նոր Հայաստան»-ի մի մասը «Ժառանգության» հետ միավորվի եւ կուսակցության անվանափոխությամբ լուծվի նոր քաղաքական ուժ ստեղծելու խնդիրը, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Դրանք հորինված տեղեկություններ են»:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանն» այսօր հրապարակել է արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզը: