ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Բեռլինում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԱրևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման-Ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում:   Ծառայության պատասխանատու և կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը, ողջունելով Արևելյան Ուղղափառ նվիրապետերին և համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին:   Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը, գոհունակություն արտահայտելով կենտրոն այցելության առիթով, մասնավորապես կարևորեց նրա առաքելությունը քրիստոնեական եկեղեցիների կյանքից ներս։ «Ուրախ ենք հյուրընկալվելու եկեղեցական-սոցիալական ծառայության մի կենտրոնում, որն այսօր աշխարհում տիրող սովի ու նեղությանց մեջ իր քրիստոնեական նվիրյալ ծառայությունն է բերում մարդկությանը: Մենք տպավորված ենք կենտրոնի աշխատանքով և ձեռքբերումներով: Ինչպես գիտեք, խորհրդային անաստվածության տարիներից հետո, անցյալ քսանհինգ տարիների ընթացքում մենք կարողացանք վերակազմակերպել Սոցիալական ծառայության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայաստանն այսօր ապրում է տնտեսական շրջափակման և պատերազմական իրավիճակում: Մենք փորձում ենք մեր ժողովրդի կարիքավոր զավակների համար հայթայթել անհրաժեշտ օգնությունը», - ասաց Նորին Սրբությունը` բարի ու արդյունավոր ընթացք մաղթելով Գերման-Ավետարանական եկեղեցու Սոցիալական ծառայությանն ու նրա աշխատակիցներին իրենց հետագա ծառայության և առաքելության մեջ:   Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ և Հնդիկ Մալաբար Ասորի Ուղղափառ եկեղեցապետերի հետ միասին նախագահեց Բեռլինի` Դիտրիխ Բոնհոֆֆերի անվան Գերման-ավետարանական եկեղեցու կենտրոնում բացված «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը:   Բեռլինի Գերման-ավետարանական եկեղեցու եպիսկոպոս դոկտ. Մարկոս Դրյոգեն ողջույնի իր խոսքում մեծապես կարևորեց Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների տեղն ու դերը Քրիստոնեական Եկեղեցու կյանքում` մասնավոր շնորհակալություն հայտնելով եկեղեցապետերին Գերմանիա կատարած իրենց այցելության համար:   Գերմաներենով արտասանած իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. ,…Մեր խոսքի մեջ կկամենայինք ընդգծել երկու կարևոր իրողություն, որոնք Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների համար դարձել են այլևս առօրյա փորձառություն` նահատակություն և բռնագաղթ: Հասկացություններ, որոնք վտանգում են քրիստոնեության ծագման սկզբից իսկ բնօրրան դարձած աշխարհագրական այդ տարածքում քրիստոնեական եկեղեցիների ու համայնքների գոյությունը և պատմամշակութային արժեքների պահպանությունը: Հայտնության գրքից մեջբերված խոսքերը, ըստ էության, մեր առաջ բացում են հալածանքների ու նահատակության վաղքրիստոնեական վկայությունը, որով այսօր էլ շարունակում են ապրել Մերձավոր Արևելքի հարյուր հազարավոր քրիստոնյա քույրեր և եղբայրներ, ովքեր իրենց կյանքն են ընծայել իրենց հայրենի երկրների առաջընթացի ու զարգացման համար:   ….Օտար տիրապետության, ի մասնավորի Օսմանյան կայսրության իշխանության տակ գտնվելով` Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հավատի իրենց տերունավանդ ճանապարհն անցան Գողգոթայի խաչի ու նահատակության հերոսական վկայությամբ: Բայց այս իրողությունը մերձավորարևելյան քրիստոնյաներին չմղեց ինքնակղզիացման ու հուսահատության, այլ ընդհակառակը` Սուրբ Հոգու ներշնչումով և ուժով նրանք հոգևոր իրենց կյանքի և մշակույթի անբաժանելի մաս դարձրին վերականգնումի և վերակենդանության, նորոգության ու հարության գաղափարները: …Մեր քույր` Ասորի Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ և Եթովպական Թևահեդո Եկեղեցիների նվիրյալ սպասավորների ու հավատացյալների կրած նեղությունների, բռնի արտագաղթի ամենօրյա փորձառությունը, տասնյակ և հաճախ հարյուրավոր սուրբ նահատակների վկայությունը ապացույցն են այն անհանդուրժողության ու կրոնի սրբազան արժեքների եղծման, որն այսօր առկա է Մերձավոր Արևելքի տարբեր մուսուլմանական ծայրահեղականների խոսքերում և գործերում: Մտահոգությունների տեղիք են նաև Մերձավոր Արևելքից քրիստոնյաների բռնի արտագաղթի արդյունքում ծնունդ առնող դժվարությունները, մերձավորարևելյան սփյուռքի աճը տարբեր երկրներում: Այսօր կարևոր է մեկտեղել մեր ջանքերը` պահպանելու համար քրիստոնեական պատմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և կասեցնելու բռնի արտագաղթը, պաշտպանելու իրավունքները քրիստոնեական փոքրամասնությունների ու համայնքների, անհրաժեշտ հոգատարություն դրսևորելու տարբեր երկրներում հետզհետե ստվարացող մերձավորարևելյան քրիստոնյա փախստականների հանդեպե:   «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային համաժողովի գումարման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց համաժողովի կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր եռանդուն կերպով միջազգային ամենատարբեր հարթակներից հնչեցնում են Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակի ու հալածանքների օրեցօր բարդացող խնդիրը: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նմանատիպ համաժողովների կազմակերպումը միջազգային հանրության առաջ վերստին կպարզի Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրական պատկերը` նպաստելով այնտեղ ապրող հավատակիցքույրերի ու եղբայրների անվտանգ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը:   Աղոթելով Հայոց Եկեղեցու` Մերձավոր Արևելքում ապրող զավակների, Արևելյան քույր Եկեղեցիների հավատացելոց, հոգևորականաց ու նվիրապետերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավոր Տիրոջից հայցեց խաղաղություն ու շենություն հնագույն ու պատմական եկեղեցական համայնքներին: Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսն շեշտեց, թե նահատակությունը գրեթե հասակակից է Արևելյան Ուղղափառ քրիստոնեությանը, և մաղթեց, որ դարավոր այդ պատմական շղթային ավելանան նաև արդարությունն ու խաղաղությունը:   Նույն օրը երեկոյան, հավարտ պաշտոնական ծրագրի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի կողմից, ի պատիվ Գերմանիա Ամենայն Հայոց Հայրապետի պաշտոնական այցելության, կազմակերպվեց պաշտոնական ընթրիք-ընդունելություն, որին հրավիրված էին Գերմանիայի իշխանությունների, ինչպես նաև դիվանագիտական և եկեղեցական առաքելությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վեհափառ Հայրապետի հատուկ հրավերով ընթրիքին միացավ նաև Ասորի Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքը` իրեն ուղեկցող պաշտոնական պատվիրակությամբ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular