Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բյուջեից ստացած գումարով լավություն արեց 794 ուսանողի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայաստանի երիտասարդական հիմնադրամը երեկ հերթական անգամ հայաստանյան բուհերի բազմաթիվ ուսանողների տրամադրեց ուսման վարձի փոխհատուցում:
Ավելի հստակ՝ համապատասխան հավաստագիր ստացան 794 ուսանողներ, որոնք ընտրվել են՝ հաշվի առնելով բարձր առաջադիմությունը, սոցիալական կարգավիճակը, սահմանամերձ համայնքների բնակիչ լինելը եւ այլն: Փոխհատուցումը նախատեսված է միայն առաջին կուրսեցիների համար եւ հիմնականում կազմում է 80 հազար դրամ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը սկսվել է կրթության եւ գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի օրոք՝ 2011 թվականին: «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5 հազար ուսանողի վարձ»,- ասաց նա:
Ինչպես այլ առիթով տեղեկացրել ենք, ամեն տարի պետական բյուջեից հիմնադրամին է տրամադրվում 500 միլիոն դրամ: Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին բաժին է ընկնում դրա 50-60 միլիոնը: Գումարների մի մասը ուղղվում է նաեւ երիտասարդական ու կրթական այլ ծրագրերի իրականացմանը: Իսկ բացի բյուջետային միջոցներից, բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպես որոշակի ներդրում են ունենում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բյուջեի ձեւավորմանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որն այցելել էր Երեւանի պետական բժշկական համալսարան՝ ուսանողներին հավաստագրերը հանձնելու, երեկ հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով որքանով է ճիշտ բյուջեի գումարներն ուսանողներին հասցնել միջնորդավորված՝ սույն հիմնադրամի միջոցով (փոխարենը, ասենք, կարելի էր պետպատվերով մի քիչ ավելի շատ տեղ սահմանել, կամ բուհերը, որոնք այսպես թե այնպես սոցիալական ծրագրեր են իրականացնում ու նաեւ զեղչային քաղաքականություն վարում, ընդգրկեին համամասնորեն մեծ թվով ուսանողների): «Ամեն ինչ արվում է շատ արդար, անաչառ եւ ճիշտ: Մենք մեր ապագա սերնդին, նկատի ունեմ՝ սոցիալապես անապահով խավին եւ նաեւ սահմանամերձ համայնքների այն ուսանողներին, որոնք վարձավճարների խնդիր ունեն, պետք է օգնենք, աջակցենք, որպեսզի իրենք շարունակեն ստանալ կրթություն: Դա ճիշտ քայլ է, դա կառավարությունն է որոշում եւ ճիշտ է որոշում»,- պատասխանեց վարչապետը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի տեսակետը նույնպես հետաքրքիր է իմանալ այս հարցի վերաբերյալ: Նա ասաց, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ինչից հետո ինքը կունենա շատ հարցերի պատասխաններ: Այդուամենայնիվ, նկատեց, որ առավել արդյունավետ է պետական գումարները ուսանողներին հատկացնել հասարակական կազմակերպության, ոչ թե պետական մարմինների միջոցով: «Ես պայմանավորվեցի, մենք հիմնադրամի հետ կանցկացնենք հանդիպում եւ կխնդրեմ նաեւ ուսանողական խորհուրդների նախագահները ներկա լինեն՝ ընդհանրապես երիտասարդական քաղաքականությունը ճշտելու: Նաեւ կուզեի, որ Բարձրագույն կրթության մասին օրենքի մշակման մեջ երիտասարդությունը բավականին լուրջ դերակատարում ունենար: Առաջիկայում, երեւի ապրիլի առաջին կեսին, կհանդիպենք եւ բոլոր հարցերի շուրջ այնտեղ կխոսենք»,- պատասխանեց նախարարը: «Բյուջեն ուղիղ չի կարող գումարը տալ ուսանողին, բյուջեն պիտի դա անի ինչ-որ կառույցի միջոցով: Ես կարծում եմ՝ հասարակական կազմակերպության միջոցով բյուջեի տեղաբաշխումը ավելի ճիշտ է, քան բյուրոկրատական ապարատի: Օրինակ, եթե գումարը փոխանցեն ԿԳ նախարարությանը, նախարարությունն իր վարչությունների միջոցով փորձի տալ համալսարաններին, իմ կարծիքով դա ավելի ոչ արդյունավետ է, քան տրամադրել հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն ավելի թափանցիկ է, ավելի վերահսկելի»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հիմնադրամի ղեկավար կազմի Հանրապետական կուսակցության անդամ լինելուն (Հովիկ Աբրահամյան, Կարեն Ավագյան, Ամեն Աշոտյան), եւ այդպիսի կուսակցականացված կառույցին բյուջեից միջոցներ հատկացնելու նպատակահարմարությանը, ինչպես նաեւ այն հարցին, թե հնարավո՞ր է նախատեսվող քննարկումների ժամանակ որոշում ընդունվի ապակուսակցականացել հիմնադրամը, Լեւոն Մկրտչյանը նշեց. «Մենք պիտի հասկանանք Երիտասարդական հիմնադրամի դերակատարումը: Ես արդեն ասացի, կփորձենք հավաքվել եւ հասկանալ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ ուսանողական խորհուրդների դերը կմեծանա հատկապես բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման եւ ընդհանրապես բարձրագույն կրթական համակարգի մենեջմենթի մեջ:
Պիտի հանդիպենք ուսանողական խորհրդի նախագահների հետ, այդ փորձը ես միշտ ունեցել եմ, որից հետո երեւի ճիշտ կլինի, որ ամեն մի ուսանողական խորհրդի հետ նախարարը հանդիպի արդեն լայն կազմով, որ կարողանանք ուսանողության աչքերով հասկանալ բուհին հուզող պրոբլեմները: ...Ես չեմ համարում ճիշտ, որ հիմնադրամներում անկուսակցական լինեն, որովհետեւ ի վերջո երիտասարդական քաղաքականության կրողները երիտասարդներ են, որոնք պիտի ունենան քաղաքական կողմնորոշումներ, որովհետեւ ակտիվ քաղաքական կողմնորոշում ունեցող մարդն է, որ դառնում է ակտիվ քվեարկող: Երբ որ հարցադրումների մեջ միանգամից վիհ եք փորում՝ իշխանություն, ընդդիմություն, կուսակցական քաղաքական կյանք, մնացյալ կյանք... դրանք թշնամի կատեգորիաներ չեն, մեր երկրի արդյունքն են»:
Հ.Գ. ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Փորձը ցույց է տալիս, որ պաշտոնյաները հիմնականում լքում են խորհուրդը պաշտոնից հեռանալուց հետո: Բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանից տեղեկացանք, որ խորհրդի նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա: Հավելենք, որ ԿԳ գործող նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը որեւէ բուհի խորհրդի նախագահ դառնալու հավակնություն ու մտադրություն չունի: