Պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են. Հունան Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸtert.am-ը գրում է.
Զինված խմբի հետ բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել մեկ ոստիկան և շտապօգնության մեքենայի վարորդ: Բանակցությունները շարունակվում են, իրավիճակը մնում է նույնը. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով զինված խմբի գործողություններին:
«Ազատ արձակված ոստիկանը պարեկապահակային ծառայության աշխատակից է, որն ազատ է արձակվել համապատասխան բանակցությունների միջոցով: Ներկայումս համապատասխան օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումները իրավապահ մարմինների կողմից շարունակվում են, պատշաճ ժամկետներում կտրվի ինֆորմացիա»,- նշեց նա։
Հունան Պողոսյանը հայտնեց, որ այս պահին կա հինգ պատանդ ոստիկան, իսկ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի պահանջներում ոչինչ չի փոխվել.«Մեր պահանջը նույնն է՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումն ու ապակայունացումը, հանձնվել իշխանություններին»:
Հարցին՝ եթե փոխզիջումներ չլինեն, ի՞նչ է սպասվում, Հունան Պողոսյանն ասաց, որ եթե բանակցություններն արդյունավետ չլինեն, ոստիկանությունն ու իրավապահ համակարգը ի վիճակի են ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները:
Երեկ բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ ոստիկանապետի առաջին տեղակալն ասաց, որ նրանց վերաբերյալ բոլոր իրավական հիմնավորումները կան և բոլորը ստացել են իրենց պատշաճ պատասխանը. «Այս պահին բոլորն ազատ են արձակված, նրանցից ոմանք ենթարկվել են վարչական պատասխանատվության, ոմանք էլ ներկայացվել են հարցաքննության»:
Հունան Պողոսյանը նաև հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի բանակցություններում ներգրավելու վերաբերյալ հարցը դեռևս չի քննարկվում:
Ինչ վերաբերում է վիրավոր ոստիկանների առողջական վիճակին, Հունան Պողոսյանը հորդորեց դիմել Առողջապահության նախարարությանը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց։ Նրանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար: Նշենք նաև, որ մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: