Երեւանում կայանալիք Գուգուշի համերգի 300 հազար դրամանոց տոմսերը սպառված են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmtimes.com-ը գրում է.
Երեւանում կայանալիք ադրբեջանական ծագման իրանցի երգչուհի, դերասանուհի Գուգուշի համերգի ամենաթանկ՝ 300-հազարդրամանոց, տոմսերը սպառված են: Տոմսերի առցանց վաճառքով զբաղվող toms.am-ն այլեւս 300 հազար դրամանոց տոսմեր չի առաջարկում: Փոխարենը դեռ կարելի է ձեռք բերել 37.5, 47.5, 80, 100, 200 եւ 250 հազար դրամանոց տոմսեր: Ի սկզբանե այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի համար վաճառքում եղել են 37500, 47500, 80000, 100000, 125000, 150000, 200000, 300000 դրամանոց տոմսեր:
Ըստ կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրների՝ համերգով ավելի շատ հետաքրքրված են ոչ թե հայերը, այլ իրանցիները, որոնք եկել են լսելու 1970-ականների Իրանի կուռքին: «Երկար գիշերը» ֆիլմի աստղն Իրանում նորաձեւության եւ գեղեցկության խորհրդանիշ է: Նրա ելույթներն Իրանում արգել են 1979 թ.: Նա փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարողացել դուրս գալ երկրից, անօրինական ճանապարհով հեռանալ էլ չի ցանկացել, այդ պատճառով կարիերայում 21 տարի դադար է ունեցել: 2000 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր գործունեությունը: Երեկ՝ օգոստոի 30-ին, իր փորձից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ուրախ է, որ վերջապես ելույթ է ունենալու այս տարածաշրջանում՝ հայրենիքին մոտ:
«Երկար ժամանակ է, որ ուզում էի այս տարածաշրջանում՝ իմ հայրենիքին մոտ համերգ ունենալ, սակայն տարբեր պատճառներով չէր ստացվում»,- ասոաց նա:
Համերգն սկսվելու է ժամը 19:00-ին: Գուգուշը երգելու է պարսկերենով, իսպաներենով, անգլերենով եւ հայերենով: