ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենևին էլ ոչ հրեշտակ…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ Հայաստանի անկախացման տարիներից սկսած մեր գիտությունը հայտնվել է հոգեվարքի մեջ, առանձնապես նորություն չէ: Չնայած ամեն անգամ խոսվում է այս ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն, ինչպես հայաստանյան պրակտիկան է ցույց տալիս, անգամ տարիներն ի զորու չեն՝ որևիցե դրական տեղաշարժ ապահովելու այս ուղղությամբ:

Ոչ վաղ անցյալում շատերս գիտության ներկայիս վատ վիճակի մեջ սովորություն ունեինք մեղադրելու Աշոտյանին, ով բավական երկար ժամանակ էր, ինչ համարվում էր գիտության և կրթության համար թիվ մեկ պատասխանատուն մեր երկրում:

Աշոտյանը գնաց, ու նրան փոխարինեց նոր մարդ, որը, սակայն, այնքան էլ նոր չէ իրականում. համապատասխան ոլորտը նա ղեկավարել է 1998-1999, 2001-2003, 2006-2008 թվականներին ու համակարգին տիրապետում է, այսպես ասած, տասը մատի պես:

Ստանձնելով նախարարի պաշտոնը՝ Մկրտչյանն սկսեց բարձրաձայնել այն խնդիրների մասին՝ հատկապես կրթական ոլորտի, որոնց մասին, գուցե, տարիներով ընդունված էր լռել. խոսքն ավագ դպրոցի, մագիստրոսական կրթության համակարգերում տեղ գտած ակնհայտ բացթողումների մասին է: Ինչ խոսք, գովելի է նախարարի նման ակտիվությունը: Բայց կարծես մի կարևորագույն խնդիր, ըստ մեզ, դուրս է մնացել նախարարի տեսադաշտից. երկրում գիտության ընդհանուր վիճակն օրըստօրե վատանում է՝ գահավիժելով անհայտություն: Համենայնդեպս, Մկրտչյանը սույն խնդրի մասին դեռ չի բարձրաձայնել, իսկ եթե ինչ-որ բան ասվել էլ է, ապա ոչ այն ուժգնությամբ, ինչպես որ ցանկալի էր: Եթե մի քանի խոսքով նկարագրելու լինենք Հայաստանում գիտության ու գիտականի վիճակը, ինչպիսի՞ բառամթերք պետք է կիրառենք, ձեզ ինչպե՞ս է թվում. անշուշտ, ոչ ամենևին էլ դրական և ահա թե ինչու:

Վստահ ենք, որ գիտությանը պատուհասած ամենամեծ խնդիրը ոչ միայն ֆինանսական համապատասխան ռեսուրսների բացակայությունն է, այլև, որ ոչ պակաս կարևոր է, հասարակության շրջանում դրա անկում ապրող հեղինակությունը. մեզանում ասպիրանտուրա ընդունվելը վերածվել է շատերի համար բանակից վերջնականապես խույս տալու պարզագույն միջոցի, իսկ գիտական կոչումներն էլ այնքան են արժեզրկվել, որ այսօր շատ ավելի պատվաբեր է լինել պարզապես բարձրագույնավարտ, քան, ասենք, գիտությունների թեկնածու կամ դոկտոր: Իսկ նման իրավիճակի մեղավորը ոչ միայն այն հանգամանքն է, որ գիտության մարդիկ չեն կարողանում սեփական վաստակով կերակրել սեփական ընտանիքն ու գոյատևել մարդավարի, այլև ոլորտում վխտացող կոռուպցիան, երբ համապատասխան դոլարների առկայության պայմաններում քեզ կարող են ոչ միայն դոկտոր կամ պրոֆեսոր, այլև իսկական Էյնշտեյն հռչակել. վաղուց նորություն չէ, որ, օրինակ, մեր չինովնիկներից ու պատգամավորներից շատերը, որոնք ունեն գիտական կոչումներ, ամենևին էլ իրենք չեն հեղինակներն այն գիտական աշխատությունների, որոնց շնորհիվ դարձել են տիտղոսակիրներ. մեր իրականության պայմաններում թեկնածուական թեզ գրելու համար բավական է մոտ մի 5000 դոլար փող ունենալ ու համապատասխան ծանոթ՝ գործը գլուխ բերելու և համապատասխան կոչումը վերջնականապես սեփականելու համար:

Սրանք, անշուշտ, ընդամենը թերությունների ու խութերի մի չնչին մասն են, որոնք արդեն վաղուց բնութագրական են մեր գիտության ոլորտին և որոնց մասին, ենթադրում ենք, Մկրտչյանը նոր չէ, որ գիտի. նրա ղեկավարության օրոք էլ համակարգը բնավ զերծ չի եղել այս խնդիրներից, ու կոռուպցիան այստեղ լավ էլ ծաղկել է: Տեսնես՝ Մկրտչյանն ունի՞ նոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրառելով՝ կփորձի հասնել համապատասխան արդյունքների, թե՞, ինչպես և իր նախկինը, կբավարավի միայն գեղեցիկ ելույթներով ու սեփական էրուդիցիան հանրային քննարկման առարկա դարձնելով. այս ամենի պատասխանը ցույց կտա ժամանակը, որից, դատելով ամենայնից, Մկրտչյանը դեռ շատ է ունենալու…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular