Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸLife.panorama.am-ը գրում է .
Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը հենակների օգնությամբ արդեն փորձում է քայլել:Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը, երեկ մի քանի քայլ է արել, աստիճանաբար կփորձեն քայլերն ավելացնել:
«Հովհաննեսը դեռևս աջ կողմը չի շարժում, ձեռքը թույլ է, սակայն բժիշկները վստահեցնում են՝ ժամանակի ընթացքում կկարողանա շարժել»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե այսօր կարողանում է կանգնել և նույնիսկ մի քանի քայլ անել, ապա նման արդյունքի հասել են նաև մերսումների շնորհիվ. «Օրական 2-3 ժամ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա են անում և արդյունքում մահացած բջիջները վերականգնվել են»:
Տիկին Գայանեի խոսքերով՝ բժիշկների ուշադրությունն ու հոգատարությունը ևս դրական է ազդում Հովհաննեսի առողջության վրա. «Հովհաննեսս հումորով տղա է, արդեն բժիշկների հետ կատակներ է անում»:
Զինծառայողի հետ աշխատում է նաև լոգոպեդը, եթե 10-15 օր առաջ փորձում էր բառեր արտաբերել, այսօր արդեն ամբողջական նախադասություններ է կազմում:
Տիկին Գայանեն վստահ է, որ որդին ինքնուրույն քայլելու է, պարզապես ժամանակ է պետք:
«Ամեն օր մի դրական փոփոխություն լինում է: Տղաս հրաշքով փրկեց ու վստահ եմ, որ որդիս քայլելով է տուն գալու»,- ասաց Հովհաննեսի մայրը:
Հիշեցենենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը մայիսի 13-ին ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Ի դեպ Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթև վնասվածք է ունեցել և նորից դիրքեր է բարձրացրել: