ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի տնտեսության իրական հատվածի առանցքային ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսությունը, շարունակում է մնալ համակարգային մարտահրավերների և կառուցվածքային խոցելիության կիզակետում, ինչի մասին են վկայում նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2026 թվականի ինն ամսվա ամփոփ տվյալները։

Հաշվետու ժամանակաշրջանում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 4,2 տոկոսով՝ կազմելով 724,6 միլիարդ դրամ, սակայն այս ընդհանուր ցուցանիշը դեռևս ամբողջությամբ չի արտացոլում ավանդական ագրարային հատվածում կուտակված խնդիրների խորությունը։ Երբ վիճակագրական պատկերից դուրս են բերվում հարակից ենթաճյուղերը՝ անտառտնտեսությունն ու ձկնորսությունը, պարզ է դառնում, որ բուն ագրոհատվածը գրանցել է շատ ավելի զգալի՝ 4,8 տոկոսի անկում՝ կրճատվելով մինչև 677,1 միլիարդ դրամ։ Տնտեսագիտական տեսանկյունից սա ընդամենը սեզոնային կամ կարճաժամկետ տատանում չէ, այլ տագնապալի ազդակ, որ ոլորտում գործող տնտեսավարման մոդելը, ռեսուրսների կառավարման մեխանիզմներն ու պետական աջակցության գործիքակազմը չեն կարողանում չեզոքացնել ինչպես բնակլիմայական ռիսկերը, այնպես էլ շուկայական ու ենթակառուցվածքային խոչընդոտները։

Ագրոհատվածի ընդհանուր անկման գլխավոր շարժիչ ուժը դարձել է բուսաբուծությունը, որը տարեկան կտրվածքով կրճատվել է 7,3 տոկոսով՝ նվազելով մինչև 372,6 միլիարդ դրամի։ Այս ցուցանիշի ներքին կառուցվածքը բացահայտում է խիստ մտահոգիչ միտումներ հատկապես բարձր ավելացված արժեք ստեղծող և վերամշակող արդյունաբերության ու արտահանման համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններում։

Մասնավորապես, Հայաստանում ամենակտրուկ անկումն արձանագրվել է խաղողագործության և պտղաբուծության ոլորտներում։ Խաղողի բերքի ծավալները նվազել են միանգամից 29,3 տոկոսով՝ կազմելով ընդամենը 121,4 հազար տոննա, իսկ պտղահատապտղային մշակաբույսերի բերքը կրճատվել է 27,6 տոկոսով՝ հասնելով 196,2 հազար տոննայի։ Գրեթե մեկ երրորդով բերքի կորուստը երկու առանցքային ճյուղերում ծանր հարված է ոչ միայն հազարավոր գյուղացիական տնտեսությունների եկամուտներին, որոնք տարիներ շարունակ կապիտալ ներդրումներ են կատարել այգեգործության մեջ, այլև հայկական գինեգործության, կոնյակագործության և պահածոների արտադրության հումքային բազային։ Երբ տեղական հումքի ծավալներն այսչափ կտրուկ սեղմվում են, վերամշակող ձեռնարկությունները կանգնում են արտադրական հզորությունների թերբեռնվածության, ինքնարժեքի աճի և արտաքին շուկաներում մրցունակության կորստի վտանգի առաջ։

Բուսաբուծության մյուս կարևոր հատվածներում նույնպես արձանագրվել է նահանջ, թեև համեմատաբար ավելի մեղմ տեմպերով։

Բանջարեղենի բերքի ծավալները նվազել են 7,4 տոկոսով՝ կազմելով 471,4 հազար տոննա, իսկ կարտոֆիլի արտադրությունը կրճատվել է 1,2 տոկոսով՝ հասնելով 193 հազար տոննայի։ Սրանք առաջին անհրաժեշտության պարենային մշակաբույսեր են, որոնց առաջարկի նվազումն ուղղակիորեն ազդում է ներքին սպառողական շուկայի գնային կայունության վրա՝ ստեղծելով գնաճային ճնշումներ և մեծացնելով ներմուծման անհրաժեշտությունը հատկապես ձմեռային և գարնանային ամիսներին։

Այս համընդհանուր անկման ֆոնին դրական դինամիկա են ցուցաբերել միայն հացահատիկային և բոստանային մշակաբույսերը: Հացահատիկի բերքի ծավալներն աճել են 30,7 տոկոսով՝ հասնելով 314,1 հազար տոննայի, իսկ բոստանային մշակաբույսերինը՝ 4,9 տոկոսով՝ կազմելով 107,8 հազար տոննա։ Թեև հացահատիկի արտադրության շոշափելի աճը կարևոր է պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացման և անասնակերի ապահովման տեսանկյունից, տնտեսագիտորեն այն չի կարող փոխհատուցել խաղողի ու պտղատու այգիների կորուստները, քանի որ հացահատիկային մշակաբույսերը բնութագրվում են ցածր եկամտաբերությամբ և հեկտարի հաշվով անհամեմատ փոքր ավելացված արժեքով։

Ճգնաժամային երևույթներից անմասն չի մնացել նաև գյուղատնտեսության երկրորդ հենասյունը՝ անասնաբուծությունը, որտեղ 2026 թվականի ինը ամիսներին արձանագրվել է 2,3 տոկոսի կրճատում՝ ծավալները նվազեցնելով մինչև 304,5 միլիարդ դրամ։ Անասնաբուծության շարունակական անկումը վկայում է ոլորտում խորացող համակարգային խնդիրների մասին, որոնց շարքում առանձնանում են արոտավայրերի հասանելիության սահմանափակումները հատկապես սահմանամերձ մարզերում, համակցված կերերի ու անասնաբուժական ծառայությունների բարձր ինքնարժեքը, ինչպես նաև մանր ապրանքային տնտեսությունների գերակշռությունը, որոնք ի վիճակի չեն ապահովել ժամանակակից տոհմային բուծման ու արտադրողականության բարձր չափանիշներ։ Գլխաքանակի կրճատումն ու արտադրության նվազումը երկարաժամկետ հեռանկարում սպառնում են մսամթերքի և կաթնամթերքի ներքին շուկայում տեղական արտադրանքի մասնաբաժնի հետագա սեղմմամբ՝ երկիրը դարձնելով առավել կախյալ ներկրվող պարենից և արտաքին գնային ցնցումներից։

Վիճակագրական ընդհանուր պատկերը որոշակիորեն մեղմվել է միայն ձկնորսության և անտառտնտեսության հատվածներում գրանցված աճի հաշվին, սակայն այստեղ ևս առկա են էական վերապահումներ։ Ձկնորսության հատվածն աճել է 2,2 տոկոսով՝ ապահովելով 18,9 հազար տոննա ծավալ կամ 43,6 միլիարդ դրամ, ինչը պայմանավորված է ձկնաբուծական տնտեսությունների արտահանման ուղղվածությամբ, սակայն Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների խիստ սահմանափակվածության պայմաններում այս ճյուղի ընդլայնման հնարավորությունները մոտենում են իրենց բնապահպանական սահմանագծին։ Ինչ վերաբերում է անտառտնտեսությանը, որտեղից ստացված եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 39,3 տոկոսով՝ հասնելով 3,8 միլիարդ դրամի, ապա ֆինանսական փոքր կշռի պատճառով այն չի կարող էական դերակատարում ունենալ մակրոտնտեսական ցուցանիշների վրա, իսկ եկամուտների նման թռիչքաձև աճն ինքնին պահանջում է հանրային և մասնագիտական խիստ վերահսկողություն՝ համոզվելու համար, որ դրա հիմքում ընկած չէ անտառային ռեսուրսների ինտենսիվ շահագործումը։

Գյուղատնտեսության համալիր անկման պատճառները բազմաշերտ են և փոխկապակցված։ Առաջին հերթին՝ դրանք կապված են կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանի ագրարային հատվածի ծայրահեղ անպաշտպանության հետ։Գարնանային ուշացած ցրտահարությունները, կարկտահարությունները և ամառային երաշտները շարունակում են զգալի վնասներ հասցնել բերքին՝ հակակարկտային ցանցերի, ժամանակակից պաշտպանիչ համակարգերի և լիարժեք գործող գյուղատնտեսական ապահովագրության մեխանիզմների անբավարար տարածվածության պայմաններում։ Դրան գումարվում է ոռոգման համակարգերի մաշվածությունն ու ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարումը, երբ ջրի մեծ կորուստների և կաթիլային ոռոգման դանդաղ ներդրման պատճառով գյուղացիները բերքահավաքի վճռորոշ փուլերում բախվում են ջրի սուր դեֆիցիտի։

Միաժամանակ, հողակտորների ծայրահեղ մասնատվածությունը, վարկային ռեսուրսների բարձր տոկոսադրույքներն ու հասանելիության խնդիրները, ինչպես նաև փոխարժեքի տատանումների և լոգիստիկ բարդությունների հետևանքով արտահանման շահութաբերության նվազումը զրկում են գյուղատնտեսին ընդլայնված վերարտադրության և տեխնոլոգիական արդիականացման խթաններից։

Այս միտումների խորացումը Հայաստանի համար պարունակում է մի շարք ռազմավարական վտանգներ, որոնք դուրս են գալիս զուտ տնտեսական վիճակագրության շրջանակներից և վերածվում են ազգային անվտանգության ու սոցիալական կայունության մարտահրավերների։

Առաջին վտանգը պարենային անվտանգության խոցելիության կտրուկ աճն է, երբ սեփական գյուղատնտեսական արտադրության կրճատումը երկիրը դարձնում է խիստ կախյալ ներմուծումից, ինչը աշխարհաքաղաքական անկայունության, տրանսպորտային ուղիների խցանումների կամ համաշխարհային պարենային գների աճի պայմաններում կարող է հանգեցնել ներքին շուկայում դեֆիցիտի և սոցիալական լարվածության։

Երկրորդ վտանգը մակրոտնտեսական մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտն է, երբ գյուղատնտեսության անկումն անխուսափելիորեն շղթայական հարված է հասցնում սննդի արդյունաբերությանը, բեռնափոխադրումներին, գյուղական առևտրին և ծառայությունների ոլորտին՝ դանդաղեցնելով տնտեսական աճի որակական բաղադրիչը։

Երրորդ և թերևս ամենավտանգավոր հետևանքը սոցիալ-ժողովրդագրական է։ Երբ գյուղատնտեսական աշխատանքը դադարում է ապահովել գյուղացու նվազագույն կենսամակարդակը, ուժեղանում է աշխատանքային միգրացիան և գյուղական բնակավայրերի դատարկումը, ինչը հատկապես սահմանամերձ համայնքների պարագայում ուղղակի սպառնալիք է երկրի տարածքային դիմակայունությանը։

Ակնհայտ է, որ 2026 թվականի ինը ամիսների վիճակագրական ցուցանիշները լուրջ ահազանգ են, որը պահանջում է ագրարային քաղաքականության արմատական վերանայում։ Իրավիճակի բեկման համար անհրաժեշտ է հրաժարվել հատվածային և կարճաժամկետ սուբսիդավորման տրամաբանությունից՝ անցում կատարելով համակարգային լուծումների, որոնց միջոցով հնարավոր կլինի խթանել գյուղատնտեսությունը՝ յուրաքանչյուր ճյուղի հետ կապված առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular