Մակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինել այն բանից հետո, երբ նա քննադատել է մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները ԵՄ երկարաժամկետ բյուջեի շուրջ համաձայնության հասնելու փորձերը, գրել է Reuters-ը։
«Տիկին Լը Պենը նախընտրական քարոզարշավ է վարում, ինչպես մյուս թեկնածուները։ Տարօրինակ մեծամտություն է կարծել, թե նա արդեն տնօրինում է Ֆրանսիայի ճակատագիրը, չէ՞ որ առայժմ հակառակը չի ապացուցվել, նա չի ընտրվել», — Բրյուսելում հայտարարել է Մակրոնը, որի խոսքերը մեջբերել է Franceinfo-ն։
Նույն օրը ավելի վաղ Լը Պենը Եվրահանձնաժողովին և Մակրոնին մեղադրել էր բյուջեի շուրջ բանակցություններն արագացնելու փորձի մեջ՝ իրեն դրանց մասնակցելու հնարավորությունից զրկելու նպատակով։
«Ակնհայտ նպատակն է մեզ հետ պահել ԵՄ բյուջեի քննարկման ժամանակ Ֆրանսիայի շահերը պաշտպանելուց, եթե ֆրանսիացիները մեզ վստահեն երկրի կառավարումը», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Խոսքը 2028–2034 թվականների ԵՄ բյուջեի մասին է։ Լը Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում կտրուկ կրճատել ԵՄ բյուջե Ֆրանսիայի վճարումները և վեց ամիս անց դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Եվրոպացի դիվանագետներից մեկը Մակրոնին անվանել է «պարոն Շանտաժ»՝ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ ԵՄ երկարաժամկետ բյուջեն համաձայնեցնելու նրա համառ ձգտման համար։
Բացի այդ, Լը Պենը, որը հարցումների համաձայն՝ ներկայում համարվում է նախագահական մրցավազքի առաջատարը, հաղթանակի դեպքում նախատեսում է կրճատել Եվրամիության դիվանագիտական ծառայությունը և վերջ դնել հակառուսական պատժամիջոցներին։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 18-ին, երկրորդը՝ մայիսի 2-ին։