Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը
ՄՇԱԿՈՒՅԹՖրանսահայ անվանի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան լեգենդար Théâtre du Soleil («Արևի թատրոն») թատրոնի ղեկավարումը։ Այս մասին տեղեկանում ենք BFM. TV-ից:
Որոշումն ընդունվել է թատերախմբի հավաքական համաձայնությամբ և հաստատվել Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից։ 87-ամյա հիմնադիր Արիանա Մնուշկինան հայտնել է, որ անցումը լինելու է սահուն. Աբգարյանը կսկսի թատերախմբի հետ աշխատել արդեն 2027 թվականի գարնանից, իսկ ղեկավարումը լիարժեք կստանձնի սեպտեմբերին՝ իր վերջին բեմադրության ցուցադրություններից հետո։
Աբգարյանը միայնակ չի կառավարի թատրոնը։ Պահպանելով «Արևի թատրոնի» հավասարության և կոլեկտիվ որոշումների պատմական ավանդույթը՝ ստեղծվելու է համատեղ ղեկավարման մարմին՝ «նավապետություն» (capitainerie), որի կազմում Աբգարյանի կողքին կլինեն թատերախմբի ևս վեց անդամներ։
Սիմոն Աբգարյանի ստեղծագործական ուղին սկսվել է հենց այս թատրոնից։ Նա 1985–1993 թվականներին խաղացել է Մնուշկինայի թատերախմբում և այս նշանակումը բնութագրել է որպես «վերադարձ տուն»։
2022 թվականին նրան արդեն առաջարկվել էր ստանձնել թատրոնի ղեկավարումը, սակայն այդ ժամանակ նա հրաժարվել էր՝ նշելով, որ դա անհնար կլիներ համատեղել կինոնկարահանումների և արտերկրում իր բեմադրական ծրագրերի հետ։ Այս անգամ կոլեկտիվ կառավարման նոր ձևաչափը նրան թույլ կտա շարունակել նաև իր անհատական ստեղծագործական գործունեությունը։