«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոցիալական ցանցերում տարածված տեղեկություններն այն մասին, թե Ղազախստանի Ալմաթի քաղաքի հիվանդանոցները գերբեռնված են «անսովոր վիրուսի» տարածման հետևանքով, չեն հաստատվել։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Ղազախստանի առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային վերահսկողության կոմիտեի նախագահ և երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Սարխաթ Բեյսենովան ընդգծել է՝ հետաքննությունը ցույց է տվել, որ հիվանդանոցների գերբեռնվածությունը բնորոշ է համաճարակի սեզոնին։
«Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում ենթադրյալ անսովոր վիրուսի մասին՝ պնդումներով, թե Ալմաթիի մանկական վարակիչ հիվանդանոցները գերծանրաբեռնված են։ Իրական իրավիճակը գնահատելու նպատակով Ալմաթիի հանրային առողջապահության վարչության և քաղաքի հանրային խորհրդի ներկայացուցիչներն այցելել են մանկական վարակիչ հիվանդանոցներ», – նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բեյսենովայի խոսքով՝ դաշտային այցելությունների ընթացքում պարզվել է, որ «ստեղծված իրավիճակը պայմանավորված է սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աճով, բնորոշ է տարվա այս եղանակին, և բժշկական հաստատությունները գործում են բնականոն ռեժիմով»։