Խոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ քննչական խումբը դեպքի վայրում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Իսկ բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2107» -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել Աթոյան փողոցում գործող շինանյութի խանութ՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։