Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատել է Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությանը՝ Ջամալ Մուսիալայի առողջական խնդիրների և պայմանագրի շուրջ արված հրապարակային հայտարարությունների համար։
X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Ֆերդինանդը նշել է, որ գերմանական գրանդը նման հարցերը պետք է լուծի ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ առանձին, այլ ոչ թե լրատվամիջոցների միջոցով։
««Բավարիան» դրանից ավելի բարձր է։ Եթե նրանք ցանկանում են ապագայում ակումբի համար ավելի շահավետ պայմաններ բանակցել՝ հաշվի առնելով Ջամալի առողջական խնդիրները, ապա պետք է խոսեն նրա և նրա թիմի հետ, այլ ոչ թե լրատվամիջոցների միջոցով։
Այս իրավիճակն առանց այդ էլ դժվար է Ջամալի համար։ Պետք չէ, որ լրատվամիջոցներն ու ակումբի պաշտոնյաները հրապարակավ քննարկեն այդ հարցը։ «Բավարիան» միշտ աչքի է ընկել իր դասով և բարձր չափանիշներով, որոնցով շատերն են հիացել։ Ցավոք, այս իրավիճակում տեղի ունեցողը նման չէ «Բավարիային»»,— գրել է Ֆերդինանդը։
Հիշեցնենք, որ Մուսիալայի շուրջ կրքերը թեժացել էին «Բավարիայի» ղեկավարների մի շարք հայտարարություններից հետո։ Ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը կասկածի տակ էր դրել, թե արդյոք առողջական խնդիրներից հետո ֆուտբոլիստը կկարողանա վերադառնալ նախկին մակարդակին, և հարց էր բարձրացրել՝ արդյոք նրա ներկայիս խաղը համապատասխանում է պայմանագրով նախատեսված ֆինանսական պայմաններին։ Այս թեմայով արտահայտվել էին նաև ակումբի գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը և վերահսկիչ խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն։
Ֆերդինանդի արձագանքին նախորդել էր ֆուտբոլիստների միջազգային միության՝ FIFPRO-ի պաշտոնական հայտարարությունը։ Նոյեմբերի 21-ին կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել մյունխենյան ակումբի ղեկավարության կրկնվող հրապարակային մեկնաբանությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրացուցիչ ճնշում գործադրել վերականգնման փուլում գտնվող ֆուտբոլիստի վրա։
Հավելենք, որ Ջամալ Մուսիալայի՝ «Բավարիայի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Նոյեմբերի 20-ին նա փոխարինման դուրս գալով վերադարձել է խաղադաշտ «Քյոլնի» դեմ խաղում (1։1)։ Մյունխենյան ակումբի հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լիլի» դեմ։