Տատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱլեքսեյ Կուլիկովը նշանակվել է «Wildberries» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Տատյանա Կիմին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներին։
«ԲԻՐ-Անալիտիկ» ծառայության տեղեկություններով՝ նշանակումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Կիմի՝ պաշտոնից հեռանալու մասին հայտնել է նաև «Իզվեստիա»-ն։
Wildberries-ը Ռուսաստանի խոշորագույն մարկետփլեյսն է։ 2024 թվականի հունիսին ընկերությունը հայտարարել էր արտաքին գովազդի օպերատոր Russ-ի հետ միավորվելու մասին։ Նույն տարվա հուլիսին կողմերը ստեղծել էին «ՌՎԲ» (РВБ) համատեղ ձեռնարկությունը, որի 65%-ը պատկանում էր «Wildberries» ՍՊԸ-ին, իսկ 35%-ը՝ «Ստինն» ՍՊԸ-ին։ Վերջինիս շահառուները Russ խմբի սեփականատերեր Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրներն են։
2025 թվականի արդյունքներով՝ միավորված Wildberries & Russ ընկերության շրջանառությունը Ռուսաստանում նախորդ տարվա համեմատ աճել է 49%-ով՝ հասնելով 6,1 տրիլիոն ռուբլու։ Զուտ շահույթն ավելացել է 68%-ով՝ կազմելով 175 միլիարդ ռուբլի։
Ավելի վաղ փոփոխվել էր նաև միավորված ընկերությունը կառավարող «ՌՎԲ» ՍՊԸ-ի մասնակիցների կազմը։ Նոյեմբերի 19-ին Տատյանա Կիմին պատկանող «Wildberries» ՍՊԸ-ի մասնաբաժինը 65%-ից նվազել է մինչև 45%, իսկ Ռոբերտ Միրզոյանի կառույցների հետ կապված «Ստինն» ՍՊԸ-ի մասնաբաժինը՝ 35%-ից մինչև 25%։
«ՌՎԲ»-ի նոր համասեփականատերեր են դարձել «Տոմ» և «Գալո» փակ փայային ներդրումային հիմնադրամները։ «Տոմ»-ը կառավարվում է «ԳՖՏ ՊԻՖ» ԲԸ-ի, իսկ «Գալո»-ն՝ «Էմրիս» ԿԸ ՍՊԸ-ի կողմից։
Այս փոփոխությունները տեղի են ունեցել Եվրամիության կողմից Տատյանա Կիմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց կարճ ժամանակ անց։