ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ, մարդամոտ երեխա էր։ Անսահման սիրում էր հողագործությունը, իրեն հետաքրքրում էր գյուղատնտեսությունը։ Հայրիկի հետ գյուղի մեր այգու ծառերը կտրեցին, նոր ծառեր տնկեցին։ Նարեկս ծառայում էր, դրանք արդեն բերք էին տվել։ Հեռախոսով զրույցի ժամանակ ասացի՝ տնկածդ խնձորի ծառն արդեն բերք է տվել։ Իր տնկած ծառերի բերքը հիմա մենք ենք վայելում։ Երևանում էլ՝ Հաղթանակ թաղամասի մեր տանը, խաղողի «մատներ» տնկեց։ Երբ օգոստոսին իր մոտ զորամաս գնացինք, դա մեր վերջին հանդիպումն էր, իր տնկած խաղողի բերքից տարա, որ համտեսի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Անուշը։

Նարեկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից է։ Մինչև երրորդ դասարանը հաճախել է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Նարեկն սկսել է հաճախել թիվ 113 դպրոց։ «Դպրոցում չնայած գերազանցիկ չէր Նարեկս, բայց լավ էր սովորում»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկն ուսումը շարունակել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ «Սովորում էր ռոբոտաշինություն։ Իր պատրաստած ռոբոտը 2019 թվականին ցուցադրվեց EXPO ցուցահանդեսում»։ Նա ավարտում է քոլեջն ու մեկնում ծառայության՝ զորացրվելուց հետո ուսումը բուհում շարունակելու հստակ մտադրությամբ։

2019 թվականի հուլիսի 11-ին Նարեկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Առաջին վեց ամիսը ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, հրետանավոր, տեղափոխվել է Դիլիջանի զորամաս։ «Շատ սիրով մեկնեց ծառայության, նույնպիսի սիրով նաև ծառայում էր։ Երբեք չի տրտնջացել, իր բոլոր հարցերը կարգավորում էր առանց մեր օժանդակության։ Շատ ինքնուրույն էր»։

Ծառայության ընթացքում 2020 թվականին Նարեկն Արմավիրում ուսումնական վարժանքների է մասնակցել։ Հայրիկը՝ պարոն Վաղարշակը, ասում է, որ որդին շատ ոգևորված էր ծառայում, մասնակցում ուսումնական վարժանքներին։ «Իրենց հրետանին վարժանքների ժամանակ մեկ անգամ էին գործի դրել, նեղսրտել էր, որ քիչ էին կրակել։ Շատ սիրով է ծառայել։ Լուսակերտում շատ էր «տանջվում», բայց նաև տեսնում էր, թե որքան բան է սովորում։ Ու ամեն անգամ ասում էր՝ գնանք պոլիգոններ, կրակենք, տեսնենք, թե ինչ արդյունք ունենք։ Երբեմն զգում էի, որ կարծես ուսումնական վարժանքների ժամանակ կատարած աշխատանքը նա անարդյունք էր համարում, ուզում էր, որ իր կատարած աշխատանքը, կրակը պիտանի լիներ։ Ծառայության ժամանակ որևէ հարցով չէր ուզում մեզ նեղություն տալ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Հոկտեմբերի 6-ին տղաները դուրս են եկել իրենց զորամասից։ Հոկտեմբերի 7-ին Նարեկս հայրիկի հետ կապի է դուրս եկել, բայց չէր ասել, որ իրենք Արցախում են։ Միայն իմ եղբայրներից մեկին է ասել, որ մարտի դաշտ են հասել։ Իր հետ վերջին անգամ զրուցել ենք հոկտեմբերի 8-ին»։ Այդ օրը Նարեկը խոսում է հայրիկի հետ։ «Հեռախոսի հետ կապված ինչ-որ հարցեր էին, ասաց, որ հեռախոսիս կոդ է գալու, ֆիքսեմ, իրեն ասեմ։ Մի երկու անգամ կոդ եկավ, զանգեցի իրեն, ասացի։ Բայց ինչ-որ բան չէր ստացվում։ Հետո ասաց՝ ստացվեց, ամեն ինչ նորմալ է։ Երբ հարցրեցի, թե ինչ կոդ է, ինչ է եղել, արձագանքեց՝ մի անհանգստացի, պա՛պ։ Դա մեր վերջին զրույցն էր։ Հետո հաջորդ օրն արդեն զանգ չստացանք իրենից։ Բոլորին սկսեցի զանգահարել, շատ էինք անհանգստանում։ Դիլիջանից ինձ ասացին՝ այստեղ զորք չկա, բոլորին դուրս են բերել։ Տղաներին տարել էին Իջևան։ Արդեն վախ կար ներսումս։ Իսկ հետո լուրը եկավ։ Նարեկս մեզ շատ «սպասել» չտվեց»։

Նարեկն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում։ «Տղաներն իրենց հրետանիով մասնակցել են թեժ մարտերի, Նարեկս հմտորեն ղեկավարել է հաշվարկի անձնակազմի գործողությունները։ Նա մարտկոցի հաշվարկի հրամանատարն էր։ Այդ օրն ԱԹՍ-ներով օդային հարվածներ են սկսվում։ Բեկորային վնասվածքներից Նարեկս նույն պահին է անմահանում, ընկերը՝ Հարութը, կոմայի մեջ է եղել 11 օր, հետո հիվանդանոցում անմահացել»։

Հոկտեմբերի 9-ին Նարեկի ընտանիքը շատ անհանգիստ էր։ Մայրիկն է վերհիշում. «Իրենից ոչ մի լուր չունեինք, շատ անհանգիստ էինք, անընդհատ զանգի էինք սպասում։ Հեռուստացույցով էլ անընդհատ հաղորդում էին տղաների անունները։ Այդ օրվա գիշերն առանց որևէ նորության լուսացրեցինք։ Բայց մեր բարեկամները տեղյակ էին։ Լուսաբացին արդեն լուրը մեզ հայտնեցին։ Ու հետո մեզ համար սփոփանք դարձավ այն, որ կարողացանք հրաժեշտ տալ մեր տղային, որ մեր տղայի մարմինը վնասված չէր»։

Նարեկն ընտանիքի առաջնեկն է, երկու կրտսեր քույր ունի։ «Փոքր քույրիկի հետ այլ կապվածություն ուներ Նարեկս։ Շատ է խնամել, պահել նրան։ Փոքր աղջիկս կարծես մի բան զգար, անընդհատ ասում էր՝ մի՛ թողեք ապերը բանակ գնա։ Երբ Նարեկիս մոտ Դիլիջան էինք գնացել, էլի փոքր քույրիկը լաց էր լինում, ասում՝ մի թողեք ապերը գնա։ Կարծես սիրտը մի բան զգար։ Նարեկս էլ էր բոլորին կարոտում։ Վերջին օրերին տեսազանգով զանգահարեց, զրուցեց բոլորիս հետ։ Քույրիկի հետ ահագին խոսեցին։ Չէի ուզում երկար խոսել հեռախոսով, անհանգստություն կար ներսումս։ Բայց Նարեկս հանգստացնում էր. «Մա՛մ ջան, մի՛ անհանգստացեք, քո ասած տեղում չեմ»։ Նարեկս ամեն ինչ այնպես էր ներկայացնում, որ մենք չանհանգստանայինք»։

Ապրելու ուժի մասին. «Աղջիկներիս համար ապրեցինք։ Հասկացանք, որ հանուն մեր երեխաների չպետք է կոտրվենք»։ 

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գանձակ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular