Կանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդում
ՄՇԱԿՈՒՅԹՎասիլի Կանդինսկու «Շեշտադրված անկյուններ» (Betonte Ecken) կտավը Նյու Յորքում Christie's-ի աճուրդում վաճառվել է 74 մլն դոլարով՝ սահմանելով նկարչի ստեղծագործությունների աճուրդային նոր ռեկորդ։
1922-1923 թվականների աբստրակտ կտավն աճուրդի էր հանվել 60-80 մլն դոլար նախնական գնահատմամբ՝ XX դարի արվեստի երեկոյան աճուրդի շրջանակում։ Այս տարվա սկզբին Կանդինսկու մեկ այլ խոշոր կտավ՝ «Խայտաբղետ կյանքը» (1907), Լոնդոնում Christie's-ի աճուրդում վաճառվել էր 41,5 մլն դոլարով։
«Շեշտադրված անկյուններ» կտավի սակարկությունները մեկնարկել են 54 մլն դոլարից, ինչն արդեն գերազանցում էր նկարչի նախորդ ռեկորդը։ Մինչ այդ Կանդինսկու ամենաթանկ ստեղծագործությունը համարվում էր «Մուրնաուն եկեղեցով II» կտավը, որը 2023 թվականին Sotheby's-ի աճուրդում վաճառվել էր 44,8 մլն դոլարով։
Լոտի համար պայքարել է երեք մասնակից։ Ի վերջո կտավը վաճառվել է 74 մլն դոլարով՝ առանց միջնորդավճարների, իսկ գործարքի վերջնական արժեքը կազմել է 85,8 մլն դոլար։
Ինչպես հայտնել են աճուրդի տանը, ստեղծագործությունն աճուրդի էր հանել անանուն սեփականատերը, և այն նախկինում պատկանել էր արվեստի գործերի հայտնի առևտրականներ Նահմադների ընտանիքի հավաքածուին։ Վերջին անգամ կտավը շուկայում հայտնվել էր 1986 թվականին, երբ Նյու Յորքում Sotheby's-ի աճուրդում վաճառվել էր 1 մլն դոլարով։
Christie's-ի տվյալներով՝ քառակուսի կտավը նկարիչը ստեղծել է Վայմարում՝ Բաուհաուսի դպրոցում իր աշխատանքի առաջին տարիներին։ Ստեղծագործությունն ուշագրավ պատմություն ունի. 1929 թվականին այն ձեռք է բերել Գուգենհայմի թանգարանի առաջին տնօրեն Հիլլա ֆոն Ռեբայը։ 1941 թվականին նա կտավը փոխանցել է թանգարանին, որտեղ այն պահվել է ավելի քան 20 տարի։ 1964 թվականին թանգարանը վաճառքի է հանել Կանդինսկու 50 կտավ, այդ թվում՝ «Շեշտադրված անկյունները», որն այն ժամանակ վաճառվել է 22 հազար ֆունտ ստեռլինգով (29 հազար դոլար)։