Ալիևի նամակը Պաղեստինի նախագահին․ անսպասելի անդրադարձ Հայաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին շնորհավորական նամակ է հղել Պաղեստինի ազգային տոնի, ինչպես նաև Աբբասի ծննդյան օրվա կապակցությամբ։ Նամակում Ալիևը վերահաստատել է Ադրբեջանի աջակցությունը Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն կարևորում է Պաղեստինի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները և շարունակում է աջակցել հակամարտության կարգավորմանը՝ երկու պետությունների սկզբունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա։ Նա նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին։
Այս հայտարարությանն անդրադարձած ադրբեջանական մամուլը քննադատել է այն շրջանակներին, որոնք Բաքվին մեղադրում են Պաղեստինի հարցում ոչ հետևողական դիրքորոշում ունենալու համար։
Առանձին անդրադարձ է կատարվել հայկական գործոնին։ Հրապարակման հեղինակը հիշեցրել է, որ Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինը, որը հայկական ծագում ունի, հոկտեմբերին այցելել էր Բաքու՝ մասնակցելու միջազգային գագաթնաժողովին։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև պաղեստինյան և հայկական կազմակերպությունների միջև նախկինում գոյություն ունեցած կապերին։ Ադրբեջանական հրապարակման հեղինակը պնդում է, որ 1970–1980-ական թվականներին Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը համագործակցել է հայկական կառույցների, այդ թվում՝ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ԱՍԱԼԱ-ի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի պնդումների՝ ԱՍԱԼԱ-ի անդամները ռազմական պատրաստություն են անցել Լիբանանում գործող ճամբարներում։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում Պաղեստինի դիրքորոշումը նախկինում դժգոհություն է առաջացրել Բաքվում։ Չնայած դրան՝ հոդվածի հեղինակը շեշտում է, որ Ադրբեջանը շարունակում է զարգացնել հարաբերությունները Պաղեստինի հետ՝ փորձելով պատմական տարաձայնություններն ու պաղեստինցի պաշտոնյաների հայկական ծագումը չդարձնել միջպետական համագործակցության խոչընդոտ։
Հրապարակման մեջ զուգահեռներ են անցկացվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության հետ։ Նշվում է, որ Բաքուն շարունակում է զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ և պահպանել երկխոսությունը Մոսկվայի հետ՝ միաժամանակ վերահաստատելով իր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ադրբեջանական կողմը շեշտում է, որ Ուկրաինային տրամադրվում է էներգետիկ և մարդասիրական աջակցություն։ Հոդվածում հիշատակվում է նաև Դուբլինում Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած երկխոսությունը, որը ներկայացվում է որպես Ադրբեջանի ինքնուրույն արտաքին քաղաքականության դրսևորում։
Հրապարակման հեղինակի գնահատմամբ՝ Բաքուն փորձում է միաժամանակ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, զարգացնել համագործակցությունն Իսրայելի հետ և պաշտպանել Պաղեստինի պետականության ստեղծումը։
Այս համատեքստում հիշատակվում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն տեսակետը, ըստ որի՝ Պաղեստինի թեման որոշ շրջանակների կողմից օգտագործվում է որպես քարոզչական գործիք՝ Ադրբեջանի դեմ քննադատություն ծավալելու նպատակով։