Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում
ՄՇԱԿՈՒՅԹԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին իր կամարների ներքո էր համախմբել Արագածոտնի թեմի քահանայից դասին և բարեպաշտ ժողովրդին՝ ավանդույթ դարձած միասնական ժամերգությանը:
Աղոթքի մեջ միավորված, ներկաները հայցեցին Տիրոջ ողորմությունն ու պահպանությունը մեր հայրենիքի խաղաղության, Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հոգևոր հայրերի և զավակների համար։
Հընթացս ժամերգության՝ իր խոսքը ներկաներին փոխանցեց Մուղնու հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:
Իր քարոզում Տեր Հայրը խոսեց մարդկային տկարությունների և հիվանդությունների մասին։ Նա նշեց, որ դրանք մարդկության մեղքի և հավատքի նվազման հետևանք են։
«Մարդկային տկարության ակունքում հպարտությունն է և թերահավատությունը», – ասաց Տեր Հայրը՝ հավելելով․ «Լուծումը մեր Սուրբ Եկեղեցին տվել է իր սրբագործված կարգերով, որոնք հիմնված են մարդու հավատքի վրա»։
Տեր հայրը կարևորեց աղոթքը՝ թե՛ սեփական անձի, թե՛ մերձավորի համար։ Նրա խոսքով՝ գագաթնակետը Սուրբ Պատարագն է, երբ հաղորդվում ենք մեր Տիրոջ Մարմնին և Արյանը։
Քարոզի ավարտին Տեր Հայրը հորդորեց աղոթել մեր Եկեղեցու, Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։
Հաջորդ միասնական ժամերգությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, թեմի Առաջնորդանիստ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: