Երևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Երևանում՝ ռեստորանի և Շիրակի մարզում՝ առևտրի օբյեկտի գործունեություն է դադարացվել:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ, Շիրակի մարզի ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 27/3 և 29/1 հասցեներում Ս. Ղազարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում և ՀՀ, ք. Երևան, Աբովյան փողոցի 1/1 հասցեում «Մեհակ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող ռեստորանում։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտի և ռեստորանի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ օբյեկտները նաև կապարակնքվել են։