Արցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում է. Աշխատանքի և բարեկեցության նախարարի խորհրդական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար քաղաքացի պետության աջակցությամբ Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել կամ գտնվում է բնակարանի կառուցման փուլում։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով արդեն հաստատվել է 9042 ընտանիքի հավաստագիր, որոնք ընդգրկում են շուրջ 37 հազար մարդու։ Դրանցից 5372 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը։
«Այս պահին բավականին ակտիվ շրջան է՝ թե՛ դիմելիության, թե՛ հավաստագրերի իրացման առումով»,– նշել է Ղարագյոզյանը։
Նախարարության պաշտոնյան հավելել է, որ հավաստագիր ստացած ընտանիքներից 396-ն ընտրել է բնակարանի կառուցման տարբերակը, որոնցից 107-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
«Սակայն հիմա ունենք մի իրավիճակ, որ երկրորդային շուկայում պատրաստի տները կարծես սպառվել են, և մեր շահառուների մեծ մասն այլևս ապավինում է կառուցապատման բաղադրիչին»,– ասել է նա։
Ամենաշատ հավաստագրերն իրացվել են Կոտայքի մարզում։ Ըստ ներկայացված տվյալների՝ այնտեղ բնակարան է ձեռք բերել 1534 ընտանիք։ Հաջորդում են Արմավիրի և Արարատի մարզերը՝ համապատասխանաբար 830 և 740 ընտանիքով։ Երևանում հավաստագիր է իրացրել 537 ընտանիք։
«Լոռին և Սյունիքը՝ 442 և 264 ցուցանիշով, Գեղարքունիքում ունենք 204 ընտանիք, Շիրակում՝ 191, Արագածոտնում՝ 184, Տավուշում՝ 111, Վայոց Ձորում՝ 74 ընտանիք, որոնք իրացրել են հավաստագրերը»,– ասել է նա:
Անդրադառնալով անշարժ գույքի գների բարձրացման վերաբերյալ մտահոգություններին՝ նա նշել է, որ խնդիրը հիմնականում վերաբերում է Երևանին, որտեղ ծրագրով նախատեսված աջակցության չափը յուրաքանչյուր ընտանիքի անդամի հաշվով 3 մլն դրամ է։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։