ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության դեմ դատական հայց է ներկայացվել՝ Եվրամիության գրեթե 1,5 հազար քաղաքացու՝ երկրում բնակվելու իրավունքից մասամբ կամ ամբողջությամբ զրկելու որոշման պատճառով, հայտնում է The Guardian-ը։
Իրավապաշտպան the3million կազմակերպությունը պնդում է, որ գերատեսչության գործողությունները խախտում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը։
Ուրբաթ օրը կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Անգլիայի և Ուելսի Բարձր դատարան։ Դատարան դիմելու առիթ են դարձել այն դեպքերը, երբ Brexit-ից հետո բնակության նախնական կարգավիճակ ստացած ԵՄ քաղաքացիներին հայտնել են, որ այդ կարգավիճակը նրանց տրվել է սխալմամբ։
Հայցվորների կարծիքով՝ նախարարությունը մարդկանց զրկել է իրավունքներից՝ չապահովելով համաձայնագրով նախատեսված երաշխիքները, այդ թվում՝ որոշումը բողոքարկելու հնարավորությունն ու դրա համաչափության գնահատումը։ Այդ գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվի, որ մարդիկ իրենց կյանքը կառուցել են Մեծ Բրիտանիայում՝ ապավինելով նախկինում տրված թույլտվություններին։
Գերատեսչության քաղաքականությունից տուժածների թվում են իտալական ծագում ունեցող Բրազիլիայի քաղաքացիներ։ Իտալիայի օրենսդրության համաձայն՝ նրանցից ոմանք կարող են ի ծնե համարվել Իտալիայի քաղաքացիներ՝ ծագման հիմքով (jure sanguinis)։ Սակայն բրիտանական իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ նրանց կարգավիճակ են տրամադրել սխալմամբ, քանի որ դիմումը ներկայացնելու պահին նրանք իտալական անձնագիր չեն ունեցել։
2026 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը փոխել է մոտեցումը․ այժմ գերատեսչությունը պատրաստ է ճանաչել ի ծնե իտալական քաղաքացիությունը, եթե դիմողը ներկայացնի քաղաքացիության հաստատում և jure sanguinis սկզբունքով այն ձեռք բերելու վերաբերյալ փաստաթղթեր։
The3million-ի ղեկավարի պարտականությունները կատարող Մոնիք Հոքինսը հայտարարել է, որ իշխանությունները մարդկանց զրկում են համաձայնագրով նախատեսված երաշխիքներից՝ հիմնվելով սեփական եզրակացության վրա, թե այդ մարդիկ չեն մտնում դրա գործողության շրջանակի մեջ։ Նրա խոսքով՝ իտալացի քաղաքացիների նկատմամբ քաղաքականության փոփոխությունը ցույց է տալիս, որ գերատեսչությունն ի վիճակի է վերանայել որոշումները՝ սխալներ հայտնաբերելուց հետո։
Կազմակերպությունը դատարանին խնդրում է անօրինական ճանաչել «սխալմամբ» տրամադրված կարգավիճակի չեղարկման քաղաքականությունը և պարտավորեցնել նախարարությանը շտկել հրապարակված կանոնների համապատասխան դրույթները։
Սա Brexit-ի մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ առաջին դատական վեճը չէ։ 2022 թվականին Բարձր դատարանն անօրինական էր ճանաչել այն կանոնները, որոնք ԵՄ քաղաքացիներին պարտավորեցնում էին նախնական կարգավիճակի ժամկետը լրանալուց հետո կրկին դիմել՝ մշտական կարգավիճակ ստանալու համար։ Այն ժամանակ հայցը ներկայացրել էր համաձայնագրի պահպանմանը հետևող Անկախ վերահսկող մարմինը՝ the3million-ի աջակցությամբ։
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը չի կարող մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ դատական քննությունը շարունակվում է։