Կարապետյան. 102-րդ ռազմաբազային հասցված հարվածը կլինի հարված Ռուսաստանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թերագնահատում է Շիրակի 102-րդ ռուսական ռազմաբազայի կարևորությունը: Նա իր կարծիքը հրապարակել է Facebook-ում, գրում է glavny.tv–ն:
Կարապետյանը քննադատել է որոշ հայ պատգամավորների գնահատականները, որոնք պնդում են, որ թուրքական հարձակման դեպքում բազան չի դիմանա 20 րոպեից ավելի: Նախկին նախարարի խոսքով բազայի իրական դիմադրության ժամանակը նույնիսկ ավելի կարճ է: «Մի խորհրդարանական բարձրաձայնում է և ասում, որ 102-րդ ռազմաբազան, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, չի դիմանա ավելի քան 20 րոպե։ (…) Ես ձեզ ավելին կասեմ։ 102-րդ բազան, որը բաղկացած է մի քանի հազար մարդուց, չի դիմանա անգամ 10 րոպե, ոչ թե 20 րոպե։ (…) 102-րդ բազան Ռուսաստանի զինված ուժերի մասն է կազմում, և եթե թուրքական բանակը հարձակվի բազայի վրա, դա չի լինի հարձակում 102-րդ բազայի վրա։ (…) Դա կլինի հարձակում Ռուսաստանի վրա», - գրել է նա։
Կարապետյանը հավելել է, որ ռազմաբազան նախատեսված չէ խրամատային պատերազմի համար, բայց այն մնում է հիմնական տարր Թուրքիայի հետ լայնածավալ հակամարտության դեպքում, այդ թվում որպես զինամթերքի մատակարարման լոգիստիկ կենտրոն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր ռուսական զորքերը Շիրակից դուրս բերելու հնարավորությունը։ «Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան, մենք դեմ չենք լինի, եթե որոշի պահել այն, մենք պատրաստ ենք քննարկել նաև դա», - այն ժամանակ հայտարարել էր կառավարության ղեկավարը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am