ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երբ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ներկայացնում է ոչ թե որպես լայն հանրային քննարկման, իրավական և քաղաքական համախոհության ձևավորման, տարբեր տեսակետների համադրման և պետության ապագայի շուրջ հասուն բանավեճի առիթ, այլ որպես ճնշման, պարտադրանքի, քաղաքական հակառակորդներին բարոյապես մեկուսացնելու կամ նրանց հանրային թիրախ դարձնելու հարթակ, առաջանում է ոչ միայն ընթացիկ քաղաքական վեճ, այլ շատ ավելի խորքային խնդիր՝ ժողովրդավարության որակի, պետականության ընկալման և սահմանադրական լեգիտիմության հարց։

 Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, ըստ որի, եթե խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը կամ չաջակցի իշխանության առաջադրած սահմանադրական օրակարգին, ապա նրանց դեմ կարող է կամ պետք է գեներացվի հանրային ճնշում, լիովին հակասում է ժողովրդավարական սկզբունքների, առավել ևս, որ ավելին՝ օրեր անց այդ «հանրային ճնշումն» արտահայտվում է բացառապես իրավապահ համակարգի քաղաքական կիրառման նոր ալիքով։ Խնդիրը միայն այն չէ, թե իշխանությունը ցանկանում է նոր Սահմանադրություն ընդունել, կամ թե ընդդիմությունը ինչ քաղաքական հաշվարկներով է դրան դեմ։ Խնդիրն այն է, թե ինչ լեզվով, ինչ մեխանիզմներով և ինչ տրամաբանությամբ է իշխանությունը փորձում առաջ տանել սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Առավել ևս, թե ինչու:

 Եթե այդ գործընթացը ուղեկցվում է այն մտքով, որ քաղաքական ընդդիմախոսները պետք է հանրային ճնշման տակ դրվեն, որովհետև չեն համաձայնում իշխանության (իսկ իրականում Ալիևի) ներկայացրած օրակարգին, ապա ժողովրդավարական սկզբունքների տեսանկյունից այստեղ բացվում է վտանգավոր հակասությունների մի ամբողջ շղթա։ Ժողովրդավարությունը միայն մեծամասնության իշխանություն չէ, ժողովրդավարությունը նաև փոքրամասնության իրավունքների պաշտպանություն է, ընդդիմության օրինական գոյության ճանաչում, պատգամավորական ազատ մանդատի հարգում, քաղաքական այլակարծության երաշխավորում և քաղաքական հակառակորդների դեմ պետական լծակների չարաշահման բացակայություն։

Առաջին հիմնարար խնդիրը վերաբերում է պատգամավորական մանդատի ազատության սկզբունքին։ Խորհրդարանի պատգամավորը, անկախ նրանից՝ ընտրվել է իշխանական, ընդդիմադիր կամ որևէ այլ քաղաքական ուժի ցուցակով, չի կարող դիտարկվել որպես գործադիր իշխանության կամ հանրային տրամադրությունների ուղղակի ենթակա մեխանիկական ձայն։ Ժողովրդավարական պառլամենտարիզմի իմաստն այն է, որ պատգամավորը, ստանալով ժողովրդի ներկայացուցչական մանդատ, իրավասու է քվեարկել, արտահայտվել և քաղաքական դիրքորոշում ձևավորել իր խղճի, համոզմունքների, կուսակցության ծրագրի, ընտրողների հանդեպ պատասխանատվության և պետական շահի իր ընկալման հիման վրա։ Երբ գործադիր իշխանության ղեկավարը կամ իշխող քաղաքական թիմը հայտարարում է, որ ընդդիմադիր պատգամավորների այս կամ այն դիրքորոշման դեպքում նրանց դեմ հանրային ճնշում է ձևավորվելու իշխանության առաջնորդությամբ, ապա դա չի կարող ընկալվել այլ կերպ, քան որպես պատգամավորական ազատ մանդատի վրա ճնշման փորձ։

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պահանջում է լայն համաձայնություն, որովհետև Սահմանադրությունը պետք է պատկանի ոչ միայն իշխանության ընտրողներին, այլ ամբողջ հանրությանը, այդ թվում՝ իշխանությանը չընտրած քաղաքացիներին, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, չկողմնորոշվածներին, մասնագիտական համայնքներին և քաղաքական փոքրամասնություններին։ Մի խոսքով՝ բոլորին: Եվ եթե նոր Սահմանադրության (կամ սահմանադրական փոփոխությունների) ընդունման գործընթացը սկսվում է այն նախադրյալով, որ ընդդիմության համաձայնությունը պետք է կորզվի ճնշմամբ, ապա այդ գործընթացի լեգիտիմությունը խաթարվում է հենց սկզբից։ Սահմանադրությունը չի կարող լինել սպառնալիքի արդյունք։ Ի դեպ, «փակագծերում» նշենք, որ սա վերաբերում է նաև այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխությունները իրականացվում են Ադրբեջանի պահանջով:

Երկրորդ կարևոր հակասությունը վերաբերում է քաղաքական պլ յուրալիզմին՝ բազմակարծությանը։ Ժողովրդավարական հասարակության հիմքում կանգնած է այն սկզբունքը, որ իշխանության դիրքորոշումը միակ լեգիտիմ դիրքորոշումը չէ։ Ընդդիմությունը կարող է սխալվել, կարող է առաջնորդվել քաղաքական հաշվարկներով, կարող է ներկայացնել վիճելի փաստարկներ, բայց նրա իրավունքը՝ դեմ լինել իշխանության օրակարգին, ինքնին ժողովրդավարական նորմ է։ Նոր Սահմանադրությանը դեմ լինելը չի կարող մեխանիկորեն ներկայացվել որպես խաղաղությանը դեմ լինել, պետությանը դեմ լինել կամ ազգային շահի դեմ գործել։ Երբ իշխանությունը սահմանադրական օրակարգը կապում է խաղաղության հետ և ընդդիմության անհամաձայնությունը մեկնաբանում է որպես խաղաղության դեմ դիրքավորում, քաղաքական բանավեճը դուրս է գալիս ռացիոնալ դաշտից և տեղափոխվում բարոյական մեղադրանքի դաշտ։

Այդ դեպքում հարցն այլևս չի քննարկվում այսպես՝ ինչպիսի՞ Սահմանադրություն է առաջարկվում, ինչո՞ւ է այն անհրաժեշտ, ո՞ր խնդիրներն է լուծում, ի՞նչ ռիսկեր ունի, ինչպե՞ս է ապահովվում իրավական շարունակականությունը, արդյո՞ք փոփոխությունները բխում են ներքին պետական անհրաժեշտությունից, թե՞ արտաքին ճնշումներից։

Փոխարենը քննարկումը վերածվում է պարզունակ հակադրության՝ ով կողմ է իշխանության առաջարկին, նա խաղաղության կողմնակից է, ով դեմ է, նա խաղաղության դեմ է։ Սա վտանգավոր մանիպուլ յատիվ կառուցվածք է, որովհետև այն փաստարկը փոխարինում է բարոյական պիտակով։

Երրորդ առանցքային խնդիրը իշխանության կողմից փողոցային կամ հանրային ճնշումների ուղղորդման հարցն է։ Ժողովրդավարական ավանդույթներում հանրային բողոքը, հանրահավաքը, քաղաքացիական ճնշումը սովորաբար այն մեխանիզմներն են, որոնց միջոցով հասարակությունը կամ ընդդիմությունը վերահսկում են իշխանությանը։

Քաղաքացին դուրս է գալիս փողոց, երբ համարում է, որ իշխանությունը չի լսում իրեն, խախտում է իր իրավունքները կամ գնում է հանրային շահին հակառակ ճանապարհով։ Բայց երբ իշխանությունն ինքն է խոսում հանրային ճնշում գեներացնելու մասին՝ ուղղված խորհրդարանական ընդդիմության դեմ, այստեղ առաջանում է սկզբունքային անհամաչափություն։ Իշխանությունն արդեն ունի պետական ռեսուրսներ՝ կառավարություն, վարչական համակարգ, իրավապահ մարմինների նկատմամբ ազդեցություն (որոնցից անսահմանափակ ձևով օգտվում է ամենօրյա ռեժիմով), հանրային օրակարգ ձևավորելու հսկայական հնարավորություն, պետական տեղեկատվական հարթակներ, քաղաքական մեծամասնություն։ Եթե այս ամենին գումարվում է նաև փողոցային կամ հանրային ճնշում կազմակերպելու կամ առաջնորդելու մտադրություն, ապա դա կարող է ընկալվել որպես պետական ուժի և զանգվածային ճնշման համադրում ընդդիմության դեմ։

Այստեղ պետք է տարբերակել երկու գործոն։ Իշխանությունը, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, ունի իրավունք բացատրել իր դիրքորոշումը, քարոզել իր սահմանադրական օրակարգը, համոզել քաղաքացիներին, մասնակցել հանրային քննարկումներին և քաղաքական պայքար մղել։ Բայց մեկ բան է համոզելը, մեկ այլ բան՝ ճնշման սպառնալիքը։ Համոզելը ենթադրում է փաստարկ, բացատրություն, պատասխաններ, լսելու պատրաստակամություն։ Ճնշումը ենթադրում է, որ ընդդիմախոսը պետք է փոխի դիրքորոշումը ոչ թե համոզվելու, այլ վախենալու կամ մեկուսացվելու պատճառով։

Երբ իշխանությունը խոսում է հանրային ճնշման մասին՝ հատկապես խորհրդարանական փոքրամասնության հասցեին, այդ խոսքը կարող է ընկալվել ոչ թե որպես քաղաքական քարոզչություն, այլ որպես նախազգուշացում՝ եթե չեք քվեարկում այնպես, ինչպես պետք է իշխանությանը, ապա ձեր դեմ կկազմակերպվի «հանրային ճնշում»։ Ժողովրդավարության տեսանկյունից սա վտանգավոր շեղում է, որովհետև օրենսդիր մարմնի ներսում որոշումները պետք է կայացվեն քաղաքական քննարկման և իրավական ընթացակարգերի շրջանակում, ոչ թե փողոցային ճնշման ստվերի տակ։

 Չորրորդ վտանգավոր հետևանքը ներքաղաքական բևեռացման խորացումն է։ Հայաստանի հասարակությունը վերջին տարիներին արդեն իսկ անցել է ծանրագույն բևեռացման միջով՝ պատերազմից, պարտությունից, անվտանգային ճգնաժամերից, սոցիալական հիասթափություններից և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկումից հետո։ Այս պայմաններում իշխանության ամեն մի հռետորաբանություն, որը հասարակությանը բաժանում է «խաղաղության կողմնակիցների» և «խաղաղության թշնամիների», կարող է ունենալ պայթյունավտանգ ազդեցություն։

Խնդիրն այն է, որ նման բաժանումները երբեք չեն մնում միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում։ Դրանք շատ արագ տեղափոխվում են սոցիալական ցանցեր, ընտանիքներ, համայնքներ, աշխատանքային միջավայրեր, փողոց, հանրային միջոցառումներ։ Երբ իշխանությունը կամ իշխանական քարոզչական միջավայրը ընդդիմախոսին ներկայացնում է ոչ թե որպես այլ կարծիք ունեցող քաղաքական դերակատար, այլ որպես խաղաղության խոչընդոտ, ապա հասարակության մի հատվածի մոտ կարող է ձևավորվել համոզում, որ այդ ընդդիմախոսին լռեցնելը կամ նրա դեմ ագրեսիվ վերաբերմունքը արդարացված է։ Այսպես խոսքային պիտակավորումը կարող է դառնալ սոցիալական թշնամանքի աղբյուր։

 Հինգերորդ կարևոր խնդիրն իրավական և ընթացակարգային շանտաժի ընկալումն է։ Եթե խորհրդարանական գործընթացում իշխանական մեծամասնությանը սահմանադրական փոփոխությունների կամ հանրաքվեի դնելու որոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ ձայներ, և այդ ձայները կարող են ստացվել միայն ընդդիմադիր պատգամավորների աջակցությամբ կամ առնվազն մասնակցությամբ, ապա իշխանության պարտականությունը պետք է լինի քաղաքական երկխոսություն նախաձեռնելը, ոչ թե ճնշման հռետորաբանությունը։ Սահմանադրական մեծամասնության պահանջը հենց այն նպատակով է նախատեսված, որ Մայր օրենքի փոփոխությունը չկատարվի միայն ընթացիկ մեծամասնության կամքով։ Սահմանադրական ընթացակարգերը պահանջում են ավելի լայն աջակցություն, որպեսզի նման փոփոխությունները լինեն կայուն, լեգիտիմ և համազգային վստահություն ներշնչող։ Եթե իշխանությունը այդ պահանջը ընկալում է որպես խոչընդոտ, որը պետք է հաղթահարել ընդդիմադիրների նկատմամբ հանրային ճնշում ստեղծելով, ապա խաթարվում է հենց սահմանադրական կարգի տրամաբանությունը։

Այստեղ կա նաև շատ նուրբ, բայց կարևոր տարբերություն հանրային հաշվետվողականության և հանրային ճնշման միջև։ Բոլոր պատգամավորները պետք է հաշվետու լինեն քաղաքացիների առաջ։ Եթե ընդդիմադիր պատգամավորը դեմ է նոր Սահմանադրությանը, նա պետք է բացատրի՝ ինչու է դեմ։ Եթե իշխանական պատգամավորը կողմ է, նա նույնպես պետք է բացատրի՝ ինչու է կողմ։ Քաղաքացիներն իրավունք ունեն քննադատել, հարցեր տալ, չընտրել, հանրային դժգոհություն հայտնել։ Բայց երբ ճնշման նախաձեռնողը դառնում է իշխանությունը, որը ունի վարչական և քարոզչական լծակներ, հաշվետվողականությունը կարող է վերածվել պարտադրանքի։ Այս տարբերությունը կարևոր է ժողովրդավարական սահմանների պահպանման համար։ Ժողովրդավարական համակարգում իշխանությունը չպետք է ընդդիմությանը ստիպի ապահովել իրեն անհրաժեշտ ձայները՝ սպառնալով հանրային մեկուսացմամբ։ Եթե սահմանադրական փոփոխությունը այդքան կարևոր և արդարացված է, իշխանությունը պետք է կարողանա դրա շուրջ կառուցել վստահություն, ոչ թե վախ։

Վեցերորդ հարցը վերաբերում է երևի թե ամենակարևոր գործոնին՝ արտաքին ճնշումների լեգիտիմացմանը։ Երբ իշխանությունը նոր Սահմանադրության անհրաժեշտությունը կապում է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության կամ խաղաղության պայմանագրի հնարավորության հետ, ընդդիմադիր և անկախ վերլուծական շրջանակներում, բնականաբար, ուժեղանում է այն մտահոգությունը, որ Հայաստանի Մայր օրենքի փոփոխության հարցը կարող է լինել ոչ թե ներքին իրավաքաղաքական զարգացման արդյունք, այլ արտաքին պահանջների բաղադրիչ։ Այս մտահոգությունը չի կարելի պարզապես պիտակավորել կամ մերժել։ Պետության Սահմանադրության փոփոխությունը այնպիսի հարց է, որը պետք է բխի նախևառաջ ներքին ժողովրդավարական անհրաժեշտությունից. օրինակ՝ կառավարման համակարգի բարելավումից, իշխանությունների բաժանման հավասարակշռությունից, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումից, դատական իշխանության անկախության ապահովումից, տեղական ինքնակառավարման ուժեղացումից, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացումից։ Եթե հասարակությանն ասվում է, որ նոր Սահմանադրությունը անհրաժեշտ է խաղաղության համար, իսկ այդ խաղաղության պայմանը կամ ակնարկը կապվում է Ադրբեջանի դիրքորոշումների հետ, ապա իշխանությունը փաստացի ինքն է բացում հարցը՝ արդյո՞ք Հայաստանի սահմանադրական ինքնիշխանությունը գտնվում է արտաքին պայմանավորվածությունների ազդեցության տակ։

Այստեղ խնդիրը միայն իրավական չէ, այլ նաև խորհրդանշական։ Սահմանադրությունը պետության ինքնիշխանության ամենաբարձր խորհրդանիշներից է։ Եթե քաղաքացիների շրջանում ձևավորվում է համոզում, որ այն փոխվում է ոչ թե իրենց կամքով, ոչ թե ներքին քաղաքական բազմակողմանի քննարկման արդյունքում, այլ արտաքին ճնշման ներքո, ապա անգամ հանրաքվեով ինչ-որ հրաշքով ընդունված փաստաթուղթը կարող է ունենալ թույլ լեգիտիմություն։ Ավելին, նման ընկալումը կարող է խաթարել հենց խաղաղության գործընթացի հանրային ընդունելիությունը։ Եթե խաղաղությունը ներկայացվում է որպես մի գործընթաց, որի համար պետք է փոխել Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան, ապա հասարակության մի հատվածի շրջանում խաղաղությունը սկսում է ասոցացվել ոչ թե անվտանգության և կայունության, այլ զիջման, պարտադրանքի և պետական ինքնության խաթարման հետ։

 Յոթերորդ և ոչ պակաս կարևոր հարցը հանրաքվեի ինստիտուտի արժեզրկման վտանգն է։ Հանրաքվեն ժողովրդավարության ամենաուղիղ գործիքներից մեկն է, բայց այն ինքնին չի երաշխավորում ժողովրդավարական լեգիտիմություն, եթե դրան նախորդող ամբողջ գործընթացը եղել է անհավասար, մանիպուլ յատիվ, ճնշումներով ուղեկցված կամ «սևսպիտակ» բաժանման տրամաբանությամբ կառուցված։ Հանրաքվեն պետք է լինի ազատ կամարտահայտության պահ, որտեղ քաղաքացին ոչ միայն պարզապես քվեարկում է, այլ քվեարկում է տեղեկացված, առանց վախի, առանց պիտակավորման, առանց այն զգացողության, որ «ոչ» ասելը նշանակում է խաղաղության դեմ լինել կամ պետական շահին հակառակ գործել։ Եթե նախքան հանրաքվեն իշխանությունը քարոզչական դաշտում ձևավորում է մթնոլորտ, որտեղ «այո»-ն ներկայացվում է որպես խաղաղություն, իսկ «ոչ»-ը՝ որպես պատերազմ, դավաճանություն կամ պետության դեմ քայլ, ապա քաղաքացիների ընտրությունը դառնում է ոչ թե ազատ քաղաքական որոշում, այլ հոգեբանական ճնշման պայմաններում արված արձագանք։

Իսկ այսպիսի իրավիճակում առավել խորքային մակարդակում բացահայտվում է Հայաստանի քաղաքական մշակույթի մի հին ու վտանգավոր հիվանդություն՝ իշխանությունը հաճախ իրեն նույնացնում է պետության, ժողովրդի կամ ազգային շահի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular