ՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հաստատել է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման կարգը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թիվն ըստ համայնքներից հավաքագրված նախնական տեղեկատվության կազմում է 643, որից՝ 390-ը ունեն 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա և 1 ընտանիք ունի 12 երեխա։ Որոշմամբ առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ այս միտքը ծագել է վարչապետին դիմած մի քաղաքացու հետ նամակագրության հետքերով. «Քաղաքացին խնդրում էր իր բազմազավակ ընտանիքին որևէ պետական աջակցության ծրագրով օգնել, և մենք Ձեզ հետ քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ դրա լուծումը առանձին ծրագիր ունենալն է»։
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները. «Ծրագրի տրամաբանությունը հետևյալն է․ այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան 6 և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 4-ական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով՝ տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար։ Ավելին՝ եթե ընտանիքները որոշեն, որ այդ տունը կառուցվելու է գյուղական բնակավայրում, մենք ևս 4 մլն դրամ ենք տրամադրում»։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման ծրագրերը որոշակի կապվածություն պետք է ունենան նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հետ. «Եթե ունենք դեռևս այնպիսի իրավիճակներ, որ մենք կառուցել ենք դպրոցներ՝ նկատի ունենալով ոչ թե աշակերտների այսօրվա կամ նույնիսկ շատ տեսանելի պոտենցիալը, այլ պոտենցիալը մեծացնելը, պետք է ծրագիրը փորձենք կապել նաև այդ խնդրի հետ։ Եթե կան նորակառույց դպրոցներ և մանկապարտեզներ, որտեղ աշակերտների թվի խնդիր կա, մենք պետք է ծրագիրը, լրացուցիչ խթաններն ուղղենք այդ ուղղությամբ։ Ցավոք, նման կարգավիճակ և նման վիճակ ունեցող ընտանիքներում միշտ չէ, որ երեխաների կրթությունը պատշաճ ձևով կազմակերպվում է, և այստեղ մենք ունենում ենք փակ շղթա, որ անապահովությունը ծնում է անապահովություն, անապահովությունը՝ անապահովություն։ Եվ այս շղթան կանգնեցնելու համար մենք մի ձև գիտենք՝ դա կրթությունն է։ Եվ հիմա շատ կարևոր է, որ մենք կարողանանք ծրագիրն ուղղորդել և կցել նորակառույց դպրոցների հետ, ինչը որոշակի լրացուցիչ խթան կդառնա։ Նաև կիմանանք՝ երեխաները որտեղ են դասի գնալու, ինչ կրթություն են ստանալու, ինչ ֆիզիկական միջավայրում և այդպես շարունակ»։