Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրք-հայաստանյան սահմանին գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման մրցույթն ավարտվել է, և աշխատանքների պայմանագիրը ստորագրվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ինչպես հոկտեմբերի 28-ին հաղորդել է թուրքական «Հուրիեթ Դեյլի Նյուզ» թերթը, գրում է rossaprimavera.ru–ն։ Նրա խոսքով մրցույթային գործընթացը անցկացվել է Ավտոմայրուղիների գլխավոր վարչության կողմից սեպտեմբերի 16-ին, իսկ կողմերը պայմանագիրը ստորագրել են սեպտեմբերի 28-ին։ Աշխատանքները կհամակարգվեն նախարարության և Թուրքիայի ճանապարհային վարչության մասնակցությամբ համատեղ հանձնաժողովի կողմից։ Կամրջի վերակառուցման պայմանագիրը ստորագրվել է մայիսի 4-ին Երևանում։ Կամուրջը, որը ենթադրաբար կառուցվել է 10-րդ դարում, գտնվում է Ախուրյան գետի վրա։ Դրա սկզբնական երկարությունը 80 մետր էր, իսկ լայնությունը 8 մետր։ Կառույցը ծառայել է որպես Մեծ Մետաքսի ճանապարհի կարևոր անցման կետ, սակայն այսօր միայն հենարաններն են մնացել։ 31 մետր երկարությամբ կենտրոնական կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին։ Անիի հնագիտական համալիրը, որը ներառում է կամուրջը, 2016 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Համատեղ վերականգնումը դիտվում է որպես Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից։ Շփումները ակտիվացել են 2021 թվականի վերջին հատուկ ներկայացուցիչների նշանակումից հետո։ Կողմերը նաև քննարկում են սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար բացելու, Կարս-Գյումրու երկաթուղային ծառայությունը վերականգնելու և ուղիղ բեռնափոխադրումների զարգացման հարցերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am