«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց TRIPP համաձայնագրի վավերացմանը։ Այն կներկայացվի ՀՀ նախագահին՝ վավերացման և ստորագրման։ Ենթադրվում էր, որ TRIPP-ի շուրջ որոշումների հստակեցումը և կայացումը պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, սակայն, կարծես թե, գործընթացներն արագանում են։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ ինչքան շուտ լինի ճանապարհը, Ադրբեջանի համար այդքան ավելի լավ։ «Որքան ձգվում է, այդքան անորոշ է՝ կլինի՞ այդ ճանապարհը, թե՞ ոչ։ Ժամանակն անցնում է, կարող են իրավիճակներ փոխվել տարածաշրջանում, և պայմանավորվածությունները մնան թղթի վրա։ Հայաստանի իշխանություններն էլ «Թրամփի ուղու» հետ մեծ հույս է կապում։ Կարծում են, որ դա կլինի այն բանալին, որ տարածաշրջանում բոլոր հարցերն Ադրբեջանի հետ կլուծվեն։ Գուցե Հայաստանն այդքան շահագրգիռ չէ, որքան Ադրբեջանը, բայց էլի վստահ քայլերով ուզում է գնալ առաջ։ Հիմնականում սա է, բայց կան նաև այլ գործոններ։ Օրինակ՝ Թրամփի նախագահությունը կավարտվի, և հայտնի չէ՝ նոր նախագահն ինչպիսի՞ վերաբերմունք կունենա այս ճանապարհի նկատմամբ։ Կարծիք կա, որ կողմերը շտապում են, բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրել են համաձայնագիրը, բայց, ինչպես օրերս խորհրդարանում պատգամավորներից մեկն ասաց, այս ընթացքում միակ բանը, որ արվել է, նախագծի ֆեյսբուքյան էջն է բացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։
Ճանապարհի գործարկումով Հայաստանի իշխանությունները տնտեսական բում են նախանշում։ Ընդդիմադիր պատգամավորները ոչ միայն սրա հանդեպ են թերահավատ, այլ նաև կրկին բարձրացնում են անվտանգային հարցերի խնդիրը։ «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել։ Թուրքիայի խորհրդարանում առհասարակ ասում են, որ այս նախագիծը պետք է կոչվի «Թուրանական նախագիծ», որովհետև դա իրենց նախագիծն է, թե ինչպես իրար կապել թյուրքական պետությունները։ Անվտանգության առումով Հայաստանի համար որևէ բաղադրիչ չի ավելացել։ Ընդ որում՝ որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի պարզ է դառնում՝ սա նախագիծ է այն մասին, որ Ադրբեջանի մի տարածք կապվում է մյուս տարածքի հետ և դուրս գալիս դեպի Թուրքիա։ Մնացյալը, ինչ ասում են Հայաստանի իշխանությունները, իրենց ցանկություններն են, որ կլինեն նավթամուղներ, գազամուղներ, մալուխներ, Հայաստանի մի շրջանը կկապվի մյուս շրջանի հետ։ Այս իրավիճակում, բնականաբար, անվտանգության խնդիրներ առաջանալու են, որովհետև, եթե չես վերահսկում այդ տարածքը, միշտ վտանգներ կան։ Օրինակ՝ վտանգ կա, որ եթե վիճակը լարվի տարածաշրջանում, այդ ճանապարհը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ, պատրվակ կլինի, որ այս կամ այն կողմը ասի՝ ուզում ենք մենք վերահսկել այն, և այլն։ Մտահոգությունները նաև փարատված չեն, որովհետև ո՛չ «Խաղաղության պայմանագիր» կա, ո՛չ սահմանների բացում Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Ստացվում է, որ ամեն ինչ նույնն է մնացել, ուղղակի այդ ճանապարհը տալիս ենք Ադրբեջանին։ Մյուս կողմից՝ առաջ է գալիս ու ակտուալ դառնում հարցը՝ եթե հիմա ենք տալիս այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ այն չտվեցինք շատ ավելի շուտ, երբ կար Արցախը, Լաչինի միջանցքի խնդիրը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում գրված է, որ Հայաստանը երաշխավորում է երկու տարածքների միջև կապի անվտանգությունը, չկար նաև խիստ պարտադրանք, թե ինչպես պետք է դա արվի, ինչպես հիմա է։ Եթե այդ ճանապարհի բացման հեռանկարը կար այն ժամանակ, ապա Լաչինի միջանցքն էլ կբացվեր։ Իսկ այս պարագայում ուղղակի Ղարաբաղը տվել ենք, Լաչինի միջանցքը տվել ենք, հիմա էլ ստորագրում ենք, որ պետք է տանք ճանապարհ, որի դիմաց եկամտի ինչ-որ տոկոսներ պետք է ստանանք։ Դեռ պարզ չէ, թե այդ եկամուտը որքան է կազմելու։ Շատ հարցերում ավելի շատ երևակայություն կա, քան իրականություն։ Ասում են՝ այդ ճանապարհով պետք է Միջին Ասիան կապվի այս կամ այն երկրի հետ։ Տպավորություն է, որ մինչև հիմա կապ չկար, այդ երկաթուղին է պակասում։ Վրաստանով ու Իրանով կապ չկա՞, ծովային ճանապարհներ չկա՞ն։ Մնացել է այդ ճանապա՞րհը, որը պետք է հյուսիսը հարավի, արևմուտքը արևելքի հետ կապի և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։
Ըստ Մարգարյանի, ներկայիս իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը մի քանի բարդ խնդիր ունեն լուծելու։ Սահմանադրության փոփոխությունն այդ բարդ խնդիրներից մեկն է։ «Նա կցանկանա վստահություն ունենալ, որ հանրաքվե անցկացնելու դեպքում իր անհրաժեշտ տոկոսները կհավաքի։ Հակառակ դեպքում՝ եթե հանրաքվեն լինի, բայց անհրաժեշտ վստահության տոկոսները չհավաքի, «Խաղաղության պայմանագիրը» և մնացած նախագծերը կմնան օդից կախված։ Առաջին քայլն է փորձել մթնոլորտ ստեղծել, որ ընդդիմադիր ուժերը համաձայնեն գնալ հանրաքվեի, և դրանով կարողանա դրական արդյունք գրանցել։ Այս փուլում իշխանությունն ուզում է իր դիրքերն ամրապնդել, դրա համար այս ՏԻՄ ընտրություններում ավելի պատրաստված ու վճռական մասնակցեցին։ Դրան զուգահեռ՝ շարունակվում է ընդդիմության դեմ ճնշումը, որ ընդդիմությունն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա մասնակցելու ընտրություններին։ Ապրում ենք այդ կաթսայի մեջ, և շատ դեպքերում արդեն սովորել ենք, չենք արձանագրում շատ հարցեր, բայց ընդդիմության համար, օրինակ՝ դժվար է մասնակցել ընտրությունների, երբ գիտես, որ քեզ կարող են կալանավորել։ Մի կողմից՝ իշխանությունն ուզում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ցույց տալ, որ ունի վստահություն, մարդկանց էլ այդ հարցում համոզի։ Կա նաև հետևյալ նյուանսը։ Շատ տարբեր են թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, թե՛ հանրապետական ընտրությունները, թե՛ հանրաքվեն։ Մարդկանց մոտեցումն է տարբեր։ Հանրապետական, խորհրդարանական ընտրություններում մարդը գիտի, որ գնում է իշխանության հարցը որոշելու, դա սկզբունքային հարց է։ Տեղական ընտրություններում դա այդքան սկզբունքային հարց չէ։ Գյուղում կամ փոքր քաղաքում բարեկամական կապերի գործոնը կա, մարդը կա՛մ գնում է ընտրության, կա՛մ ոչ։ Իսկ հանրաքվեն լրիվ ուրիշ պատմություն է։ Դժվար է մարդկանց համոզել, որ գնան քվեարկության։ Ո՛չ հանրապետության, ո՛չ էլ տեղական իշխանության հարցն է լուծվում։ Այստեղ իշխանության համար ավելի դժվար է լինելու մարդկանց համոզել, որ մասնակցեն քվեարկությանը, քան հանրապետական կամ տեղական ընտրությունների ժամանակ։ Մյուս կողմից՝ նա արտահերթ ընտրություններով որոշակի շանտաժի է դիմում ընդդիմությանը։ Կարծես ասի՝ տեսեք, թե տեղական ընտրություններով ինչ արդյունքներ ենք գրանցել, եթե գնանք արտահերթ ընտրությունների, ձեր այսօրվա ձայներն էլ չեք ունենա խորհրդարանում։ Բայց կարծում եմ, որ սա էլ չի անցնելու։ Այս իրավիճակում ընդդիմությանը շատ ավելի հեշտ է տապալել հանրաքվեն, քան հաղթել համապետական, առավել ևս՝ ՏԻՄ ընտրություններում։ Հանրաքվեի ժամանակ ընդդիմությունը, ուզած-չուզած, միասնական է, բոլորը դեմ են իշխանությունների առաջարկին՝ փոխելու Սահմանադրությունը։ Ընդդիմության օրակարգի միակ խնդիրը լինելու է մարդկանց համոզել կա՛մ դեմ քվեարկել, կա՛մ բոյկոտել հանրաքվեն։ Դրա դեմ ավելի հեշտ է պայքարել թե՛ կազմակերպչական, թե՛ ռեսուրսների առումներով։ Այս անգամ մի քիչ ավելի հեշտ է քարոզչություն տանել՝ մարդկանց ասելու համար, թե ինչն է փոխվում, ինչ պատճառով, բացատրելու, որ Ադրբեջանի պահանջով է փոխվում Սահմանադրությունը և այլն։ Իշխանությունների համար սա ավելի բարդ խնդիր է լինելու, քան հանրապետական ընտրություններն են»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում