Գողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳողություն է բացահայտվել, հայտնում են ՆԳՆ-ից՝ մանրամասնելով․
«Գողության վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 13-ին։ Գիշերը Քասախ գյուղի կիսակառույց մի շինությունից գողացել էին կենցաղային իրեր, իսկ մեկ այլ դեպքով կոտրել էին ավտոտնակի դուռը և տարել տարբեր սարքավորումներ, նաև վնասել կայանված մեքենան։
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցներ՝ ստացվեց տեղեկություն, որ Քասախ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից տարել են համարանիշը։
Մայրաքաղաքի կիսակառույց մի շինությունից գողություն էր կատարվել նաև հոկտեմբերի 15-ի գիշերը։ Այս անգամ վնասը կազմել էր ավելի քան հինգ միլիոն դրամ, իսկ գողոնը տեղափոխվել էր «Ֆորդ» մակնիշի բեռնատարով։
Նաիրիի համայնքային ոստիկանների ու Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հիշյալ բոլոր գողությունները «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի իր բեռնատարով կատարել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում բնակվող 33-ամյա մի տղամարդ։
Հոկտեմբերի 19-ին հենց Մուղնիում տղամարդը ձերբակալվեց և իր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց Նաիրիի համայնքային բաժին։
Նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողոնի մի մասը, այլև մշակված կանեփի 169 բույս և 14 փամփուշտ։
33-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»։