«Ինձ մի զանգահարեք, հարմար չէ». Արտենիի դպրոցի տնօրենը խուսափում է հարցերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից երեկ հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը՝ հավաքված հատուկ քարերով։ Այս մասին գրել էր shamshyan.com-ը։
«Արդեն մի քանի օր է, գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է, որ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։
2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։
Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում»,- գրել էր լրատվամիջոցը։
168.am-ը զանգահարեց Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Արաքսի Հակոբյանին՝ հետաքրքրվելու, թե ինչ պատճառաբանությամբ են Անդրանիկ Օզանյանի նկարը հեռացրել դպրոցի շենքի ճակատային հատվածից։
Արաքսի Հակոբյանը նախ նշեց, որ իր տեղը հարմար չէ, չի կարող խոսել, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ե՞րբ կարող ենք զանգահարել, պատասխանեց.
«Ինձ մի զանգահարեք, հարմար չէ»։
Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է իր ղեկավարած դպրոցին, նա պատասխանեց.
«Ամեն դեպքում մեկնաբանություն չունեմ»։
Հաջորդ հարցին՝ խոսքն Անդրանիկ Օզանյանի նկարը հեռացնելու մասին է, ե՞րբ զանգահարենք մեկնաբանություն ստանալու համար, Արաքսի Հակոբյանը պատասխանեց.
«Ինձ մի զանգահարեք»։
Այնուհետև նա անմիջապես հեռախոսն անջատեց։
Զանգահարեցինք նաև Արտենիի վարչական ղեկավարին, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։