Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի իշխանությունները երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 7,0 մագնիտուդով երկրաշարժից տուժածներին շտապ օգնություն ցուցաբերելու համար հատկացրել են 50 մլն յուան (մոտ 7,5 մլն դոլար)։ Եվս 30 մլն յուան կուղղվի վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը, հայտնում է Սինհուա-ն։
Երկրաշարժի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 54-ը ստացել են վնասվածքներ։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 22:33-ին, Նագչու քաղաքի Բաչեն գավառում։ Փրկարարական աշխատանքների և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար միջոցները համատեղ հատկացրել են Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը։ Ենթակառուցվածքների և հանրային սպասարկման օբյեկտների վերականգնման համար լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսել նաև Պետական զարգացման և բարեփոխումների հանձնաժողովը։
Չինաստանը երկրաշարժերի նկատմամբ ազգային արձագանքման մակարդակը բարձրացրել է չորրորդից մինչև երրորդ, ինչպես նաև ակտիվացրել է բնական աղետների նկատմամբ առանձին չորրորդ մակարդակի արձագանքումը։
Հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է 350 փրկարար և 83 միավոր տեխնիկա։ Ուրբաթ առավոտյան ժամը 6:30-ի դրությամբ 120 փրկարար և 27 մեքենա արդեն ժամանել էին աղետի գոտի, իսկ մնացած ուժերը շարժվում էին այնտեղ՝ որպես ուժեղացում։ Հետևանքները գնահատելու և տուժած տարածքները զննելու համար նախատեսվում է նաև կիրառել Wing Loong անօդաչու սարքեր։
Երկրաշարժի գոտի են ուղարկվել վրաններ, հավաքովի բնակելի մոդուլներ, ծալովի մահճակալներ և վերմակներ։ Իշխանությունների տվյալներով՝ նախապատրաստվել է 1000 հավաքովի բնակելի մոդուլ, 3239 վրան, 2821 ծալովի մահճակալ և 4280 վերմակ։