Արդյո՞ք Փաշինյանը «քաջության էլիքսիր է խմել» և որոշել հետ վերցնել երկաթուղին Ռուսաստանից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանն ունի իրավական հիմքեր դադարեցնելու Ռուսաստանի հետ երկաթուղու կառավարման վերաբերյալ կնքված կոնցեսիոն պայմանագիրը, սակայն Երևանը ներկայումս մտադիր չէ գնալ այդ ճանապարհով։ Այս մասին, ըստ Gazeta.Ru-ի, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է kapital-rus.ru–ն։ Ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի պայմանագիրը դադարեցնելու համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներն առկա են։ Միաժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը հիմնականում կախված է իշխանությունների քաղաքական կամքից։ «Կառավարությունն ունի գործիքներ և, ավելին, հիմնավորումներ կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու համար։ Երբ ժամանակը գա, մենք կխոսենք այդ մասին։ Եթե այսօր քաղաքական որոշում կայացնենք չեղարկելու կոնցեսիոն պայմանագիրը, ապա դրա համար իրավական հիմքեր կան», - հայտարարել է վարչապետը։
Խոսքը վերաբերում է այն կոնցեսիոն պայմանագրին, որի համաձայն 2008 թվականից ի վեր Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵ) ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով մինչև 2038 թվականը։ Թեև երկաթուղային ենթակառուցվածքը մնում է Հայաստանի սեփականությունը, օպերատորը պատասխանատու է դրա շահագործման և արդիականացման համար։
Չնայած պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորությանը Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը չի ձգտում նման արդյունքի։ «Միջազգային հարաբերություններում վերջնագրերը լավ բան չեն։ Կառավարությունն ունի գործիքներ և նույնիսկ հիմնավորումներ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու համար։ Իրավական հիմքերի հետ կապված խնդիր չկա. խնդիրը քաղաքական որոշման մեջ է։ Մենք չենք ցանկանում գնալ այդ ճանապարհով, մենք ցանկանում ենք ընտրել բարեկամական ուղին», - ասել է նա։ Ինչպես նշել է Gazeta.Ru-ն, Փաշինյանը նախկինում խոսել էր երկաթուղու կառավարման կառուցվածքը փոխելու հնարավորության մասին։ Մասնավորապես, նա առաջարկել էր կոնցեսիան փոխանցել երրորդ երկրի, որն ընդունելի կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի Նա պնդել էր, որ միջազգային փոխադրողներն ու ներդրողները խուսափում են օգտվել դրանից ռուսական օպերատորի հետ կապված պատժամիջոցային ռիսկերի պատճառով։
Հայաստանի վարչապետի հայտարարությանը ուշադրություն է դարձրել ռազմական բլոգեր Սերգեյ Կոլյասնիկովը։ Նա Փաշինյանի խոսքերը մեկնաբանել է որպես ապագայում ռուսական կողմի հետ գործող համաձայնագրից հրաժարվելու Հայաստանի պատրաստակամության նշան։ «Երբ ժամանակը գա, Հայաստանը երկաթուղիները կվերցնի Ռուսաստանից»,- գրել է Կոլյասնիկովը։
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի դիրքորոշումը բլոգերն ավելացրել է. «Մի՞թե նա կրկին չափից շատ «քաջության էլիքսիր» է ընդունել»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am