FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի և Իրանի հետ կապված «ստվերային նավատորմի» լցանավերի նկատմամբ սահմանափակումները մեղմելու հնարավորությունը։ Վաշինգտոնը փնտրում է ուղիներ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան նոյեմբերին, կտրուկ աճած դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար։
Ինչպես հաղորդել է Financial Times-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, քննարկվող միջոցների թվում են պատժամիջոցների ցուցակների նավերի վաճառքը բարեխիղճ օպերատորներին թույլատրելը և սահմանափակումների վերացումը, որպեսզի այդ լցանավերը կարողանան գործել առանց նախկին արգելքների։
Նախաձեռնությունը վեճեր է առաջացրել. ենթադրվում է, որ լրացուցիչ նավերի վերադարձը շուկա կավելացնի նավթի և նավթամթերքների փոխադրման հնարավորությունները, ինչպես նաև կնվազեցնի ռեկորդային բարձր ֆրախտային դրույքաչափերը, որոնք նպաստում են վառելիքի արժեքի աճին։
Լցանավերի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացման հարցը այս շաբաթվա սկզբին բարձրացրել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ տեսակապով ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայում, Էր Ռիադում կայացած Համաշխարհային նավթային համաժողովում։ Միջոցառման երեք մասնակիցների խոսքով՝ նա լցանավերի պակասն անվանել է համաշխարհային շուկայում ծովային փոխադրումների արժեքը բարձրացնող հիմնական սահմանափակումներից մեկը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) կարող է քննարկել «ստվերային նավատորմի» նավերի վաճառքը «բարեխիղճ գնորդներին» թույլատրելու և համաշխարհային շուկայում դրանց գործունեությունը յուրաքանչյուր առանձին դեպքով թույլատրելու հնարավորությունը։
«Եթե բարեխիղճ գնորդները հետաքրքրված լինեն «ստվերային նավատորմի» նավերը ձեռք բերելով և դրանք միջազգային առևտրային ծովային փոխադրումների ոլորտում օրինական օգտագործման վերադարձնելով, OFAC-ը կարող է քննարկել նման գործարքներին հավանություն տալու և այդ նավերից պատժամիջոցները անհատական կարգով հանելու հնարավորությունը», — հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նման որոշումները չեն նպաստի «ստվերային նավատորմի» գործունեությանը, այլ, ընդհակառակը, թույլ կտան նավերը դուրս բերել դրա կազմից և օգտագործել օրինական միջազգային փոխադրումների համար։ Նա նաև ընդգծել է, որ որևէ կազմակերպությունից կամ կառույցից պատժամիջոցները հանելուց առաջ OFAC-ը մանրակրկիտ ստուգում է իրականացնում։
Սա Թրամփի վարչակազմի հերթական փորձն է՝ միջանկյալ ընտրություններից առաջ զսպելու վառելիքի գների աճը, որոնք կորոշեն, թե որ կուսակցությունն է վերահսկելու Կոնգրեսը։ Հարցումների համաձայն՝ բարձր գնաճը, որը սրվել է Իրանի հետ պատերազմի ֆոնին, վատթարացրել է բազմաթիվ ընտրողների վերաբերմունքը Թրամփի Հանրապետական կուսակցության նկատմամբ։
Վաշինգտոնյան Hughes Hubbard իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Ջերեմի Փաները նշել է, որ պատժամիջոցների տակ գտնվող լցանավերի գնմանն աջակցելը պոտենցիալ առումով կթույլատրի վարչակազմին խուսափել Ռուսաստանին ուղղակիորեն առնչվող նոր թույլտվություններ տրամադրելուց առաջացող բացասական տպավորությունից։
Ռուսական վառելիքի և նավթի ու նավթամթերքների փոխադրման համար օգտագործվող «ստվերային նավատորմի» լցանավերի նկատմամբ սահմանափակումները թուլացնելու Թրամփի վարչակազմի ձգտումը անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում և Եվրոպայում քաղաքական գործիչների շրջանում։
Այս շաբաթ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է Ռուսաստանից դիզելային վառելիք գնելու Թրամփի ծրագիրը՝ այն անվանելով «շատ ռիսկային որոշում»։ Նրա խոսքով՝ նման քայլը խաթարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա գործադրվող միջազգային ճնշումը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով։