Ո՞ր ուղևորները կենթարկվեն առողջապահական վերահսկողության «Զվարթնոց»-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում անցկացվելիք COP17 համաժողովի ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ժամանակավորապես կտեղակայվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Նպատակն է կանխել Բունդիբուգյո վիրուսային հիվանդության ներբերումը և տարածումը՝ վերահսկողություն իրականացնելով առողջապահության նախարարության կողմից ռիսկային համարված պետություններից և տարածքներից ժամանող անձանց նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), իսկ հոկտեմբերի 16-ին՝ դրան նախորդող Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը։
Միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանողների շրջանում կարող են լինել նաև համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից և տարածքներից ուղևորներ։
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես տեղակայել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ նպատակային սանիտարակարանտինային վերահսկողություն իրականացնելու համար։
Ո՞ր հիվանդության տարածումն են փորձում կանխել
Խոսքը Բունդիբուգյո վիրուսային հիվանդության (BVD) մասին է, որը Էբոլայի վիրուսային հիվանդության տեսակներից է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2026 թվականի օգոստոսի 24-ին հրապարակած ժամանակավոր առաջարկությունների համաձայն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համայնքային փոխանցման ռիսկը գնահատվել է շատ բարձր, իսկ այդ երկրի հետ ցամաքային սահման ունեցող մի շարք պետություններում՝ բարձր։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ տարածաշրջանում պահպանվող համաճարակաբանական իրավիճակը հիմք է ռիսկերի կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու համար։
Ո՞ր ուղևորների նկատմամբ կվերահսկողություն իրականացվի
Վերահսկողությունը չի տարածվի բոլոր Հայաստան ժամանողների վրա։
Առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով ԱՀԿ-ի առաջարկությունները և ընթացիկ համաճարակաբանական տվյալները, կձևավորի այն պետությունների և տարածքների ցանկը, որոնցից ժամանող անձանց նկատմամբ անհրաժեշտ կլինի իրականացնել սանիտարակարանտինային վերահսկողություն։
Ցանկը կարող է թարմացվել՝ համաճարակաբանական իրավիճակի փոփոխության դեպքում։
Տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի այդ ցանկում ընդգրկված պետություններից կամ տարածքներից ժամանող անձանց նկատմամբ՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ՝ համապատասխան չվերթների ժամանման ժամանակահատվածներում։
Ի՞նչ ստուգումներ են նախատեսվում օդանավակայանում
Նախագծով նախատեսված հիմնական միջոցառումը ուղևորների մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափումն է։
Ջերմաստիճանի բարձր ցուցանիշ արձանագրելու դեպքում ուղևորին կտրամադրվի տեղեկատվական թերթիկ՝ Բունդիբուգյո վիրուսային հիվանդության ախտանիշների, կանխարգելման միջոցառումների և հետագա գործողությունների վերաբերյալ։
Հիվանդության կասկածի կամ համապատասխան ախտանիշների հայտնաբերման դեպքում հետագա միջոցառումները կիրականացվեն կառավարության՝ 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Օդանավակայանում ուղևորների համար տեսանելի և հասանելի վայրերում կտեղադրվեն նաև տեղեկատվական պաստառներ և բաներներ։ Դրանց վրա կլինեն QR կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ հիվանդության, դրա փոխանցման ուղիների և կանխարգելման վերաբերյալ տեղեկություններին։
Ինչո՞ւ են նախատեսվում հասցեական քարտեր
Ջերմաստիճանի բարձր ցուցանիշ արձանագրած համապատասխան ուղևորների համար նախատեսվում է լրացնել բնակավայրի հաստատման հասցեական քարտեր։
Դրանք անհրաժեշտ են հետագա համաճարակաբանական հսկողության, անհրաժեշտության դեպքում անձի հետ արագ կապ հաստատելու և կոնտակտների հետագծման համար։
Քարտերում ներառված տվյալները կգրանցվեն և կարխիվացվեն կառավարության՝ 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Նախագծով նախատեսվում է, որ տվյալները կմշակվեն բացառապես հանրային առողջության պահպանման նպատակներով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
Կլինե՞ն չվերթների սահմանափակումներ կամ մուտքի արգելք
Նախագծով չվերթների կասեցում կամ համապատասխան պետություններից ժամանող անձանց՝ Հայաստան մուտքի արգելք չի նախատեսվում։
Փոխարենը կիրառվելու է նպատակային վերահսկողություն՝ հիմնված առողջապահության նախարարության սահմանած ռիսկային ցանկի վրա։
Այսպիսով, առաջարկվող միջոցառումների նպատակը ոչ թե ուղևորահոսքի համընդհանուր սահմանափակումն է, այլ հնարավոր վարակման դեպքերի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքումը։
Ե՞րբ և ինչպե՞ս կիրականացվի վերահսկողությունը
Նախագծով առաջարկվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում ժամանակավորապես տեղակայել որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ։
Տեսչական մարմնի տեղակայման համար հատուկ տարածքը կհամաձայնեցվի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի մասնակցությամբ։
Նախագծի համաձայն՝ պետական մարմինները պետք է կազմակերպեն աշխատանքն այնպես, որ սանիտարակարանտինային վերահսկողությունը չխոչընդոտի սահմանային և մաքսային հսկողության բնականոն իրականացմանը։