Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐBloomberg-ի հաղորդմամբ Հայաստանը նպատակ ունի դառնալ Եվրոպայում արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների խոշոր կենտրոն, գրում է themoscowtimes.com–ը։ Օգոստոսին հայկական արմատներ ունեցող Firebird ստարտափը գործարկել է ԱԲ տվյալների կենտրոն, որը տեղակայված է Երևանից 45 կմ հեռավորության վրա։ Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը կենտրոնի հզորությունը կհասնի 300 մեգավատի, և այնտեղ կտեղադրվի Nvidia-ի արտադրության ավելի քան 70 000 նորագույն չիպ։ Հզորության հիմնական մասը նախատեսված է օտարերկրյա ընկերությունների, այդ թվում ամերիկյան Perplexity AI-ի համար, իսկ հաշվողական հզորության մեկ հինգերորդը հատկացված է տեղական նախագծերին և պետական գերատեսչություններին։
Նախագիծը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը թույլատրել է 2025 թվականի համար Nvidia-ի չիպերի արտահանումը այդ բանակցություններին աջակցելու նպատակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարել է, որ անցյալ տարի Վաշինգտոնում կիսահաղորդիչների և արհեստական բանականության վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը Հայաստանի համար ծառայել են որպես «խաղաղության դիվիդենդ»։
Հայաստանի և Nvidia-ի համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2019 թվականին։ Փաշինյանն այցելել էր չիպեր արտադրող ընկերության՝ ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակ դեռևս մինչև ԱԲ-ի ոլորտում համաշխարհային վերելքի սկիզբը։ Nvidia-ն 2022 թվականին ներկայացուցչություն բացեց Հայաստանում և նույն թվականի փետրվարին Մոսկվայից այնտեղ տեղափոխեց ինժեներների։ Մեկ տարի անց Հայաստան այցելեց Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։ «Հայաստանն ունի ակնառու տեխնիկական ներուժ և նորարարական դինամիկ ու աճող էկոհամակարգ։ Ահա թե ինչու մենք որոշ ժամանակ առաջ սկսեցինք ներդրումներ կատարել դրա ապագայի մեջ», - նշել է Nvidia-ի ներկայացուցիչը։ Հայաստանի պետական համալսարաններից մեկը ստացել էր արտահանման արտոնագրեր Nvidia-ի 64 առաջատար H100 արագացուցիչների համար՝ տարածաշրջանում այդ պահին ամենամեծ գերհամակարգիչը կառուցելու համար:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացմանը զուգընթաց Երևանը սկսել է հեռանալ Մոսկվայից։ Հայաստանը Ռուսաստանին մեղադրել է ՀԱՊԿ պաշտպանական դաշնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու և Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի ներխուժումը կանխելու անկարողության մեջ։ 2023 թվականի սկզբին ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշման ներքո, Փաշինյանը խիստ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան էլեկտրոնիկայի արտահանման հարցում։ Այն ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ենթարկվել արևմտյան պատժամիջոցների։
Այս տարվա մայիսից ի վեր Մոսկվան հաջորդաբար արգելել է հայկական տարբեր ապրանքների, այդ թվում՝ալկոհոլի, բանջարեղենի, մրգի, ձկան, կաթի և ծաղիկների ներկրումը։ Հայկական ապրանքների ներկրման և տարանցման վերաբերյալ ռուսական սկզբնական արգելքները կիրառվել են հանրապետությունում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ, իսկ սահմանափակումների թիվը կտրուկ աճել է Փաշինյանի կուսակցության հաղթանակից և ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու Երևանի որոշումից հետո։ Հանրապետության կառավարության տվյալներով 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանը 80%-ով ավելացրել է դեպի Եվրոպական միություն արտահանումը հասցնելով այն 516 միլիոն դոլարի (նախորդ տարվա 287 միլիոն դոլարի դիմաց)։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am