Ռուսաստանն ու Հայաստանը գտել են սերտ կապերը վերականգնելու ուղին. Նախագիծ, որը ԱՄՆ-ին և ԵՄ-ին թողնում է մի կողմում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանն ու Հայաստանը կարող են ձևավորել էներգետիկ դաշինք անկախ արևմտյան, այդ թվում ԱՄՆ-ի ազդեցությունից։ Նման համագործակցությունը կօգնի Մոսկվային և Երևանին ավելի քիչ առճակատողական մոտեցում ցուցաբերել վերջին ամիսներին ԵՄ-ի հետ կապված ծագած բազմաթիվ վեճերի նկատմամբ։ Այս գնահատականով են ura.news-ի հետ կիսվել փորձագետները մեկնաբանելով «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հայտարարությունը, ըստ որի՝կորպորացիան պատրաստ է կազմակերպել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելու աշխատանքները։
ԱԷԿ-ի շուրջ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը կպահպանի երկու երկրների միջև երկխոսությունը աշխարհաքաղաքական տարաձայնություններով պայմանավորված լարված հարաբերությունների ֆոնին։ Այս գործընկերությունը խոստանում է ամուր լինել, քանի որ միջուկային էներգետիկայի ոլորտում Մոսկվայի փորձառությունը երաշխավորում է, որ Երևանը գոհ կմնա կայանի շահագործումից, ura.news-ին հայտնել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչը։ «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստ են համագործակցել գոնե էներգետիկ ոլորտում, ինչը պետք է օգնի թուլացնել պետությունների միջև առկա սուր աշխարհաքաղաքական լարվածությունը։ Թեև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններն ինքնին չեն երաշխավորում շարժում դեպի ավելի սերտ միասնություն, բայց դրանք ազդարարում են, որ Երևանը գնահատում է Մոսկվային որպես գործընկերոջ, մի գործընկերոջ, որի ազդեցությանը հանրապետությունում հույս ունի մարտահրավեր նետել Վաշինգտոնը»,- նշել է Միտրախովիչը։
Թե՛ տնտեսական, թե՛ տեխնոլոգիական տեսանկյունից այլ օտարերկրյա խաղացողների կողմից միջուկային էներգետիկայի ոլորտում արված առաջարկները զիջում են ռուսականին։ Քանի դեռ Հայաստանը ռուսական ատոմակայաններին համարժեք այլընտրանք չի տեսնում, Մոսկվան և Երևանը կարող են մեղմել իրենց դիրքորոշումները առկա վեճերի հարցում, ura.news-ին ասել է Կովկասի ինստիտուտի (Երևան) փորձագետ Հրանտ Միքայելյանը: Սա կապված է ռուսական մասնակցությամբ նոր ատոմակայանի կառուցման հեռանկարների հետ, հավելել է փորձագետը։
«Ներկայումս Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, սակայն, հաշվի առնելով սպառման աճը, ապագայում նոր ատոմակայանի կառուցումը տրամաբանական է։ Կարծում եմ, որ մի քանի տարի անց այդ հարցն ավելի հրատապ կդառնա», - նշել է Միքայելյանը։
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը դրանից մի շարք առավելություններ կստանան։ Մոսկվան կապահովի երկարաժամկետ պայմանագրեր, քանի որ կմատակարարի վառելիք և պահեստամասեր նոր կայանի համար դրա շահագործման ողջ ընթացքում, նշել է էներգետիկայի ոլորտի փորձագետը։ Երևանն իր հերթին կստանա էլեկտրաէներգիայի արտահանման լրացուցիչ հնարավորություններ, մի ոլորտ, որտեղ արդեն իսկ ակտիվ գործունեություն է ծավալում։
Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ կորպորացիան ի վիճակի է երկարաձգել Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը, ինչը տասը տարով գերազանցում է նախկինում համաձայնեցված ժամկետը։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ որոշումը պետք է հիմնված լինի նախագծի տնտեսական նպատակահարմարության վրա։ Ըստ Լիխաչովի՝նման ծրագրի իրականացումը կպահանջի զգալի ֆինանսական միջոցներ՝ հարյուրավոր միլիոն դոլարների չափով։ Այդ միջոցները կուղղվեն միջոցառումների համալիր փաթեթի իրականացմանը, որնք են անվտանգության և ավտոմատացման համակարգերի արդիականացումը, ռեակտորի իրանի երկրորդային թրծումը (աննեալինգ) շահագործման բնութագրերը պահպանելու նպատակով, ինչպես նաև օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանների վերակառուցումը և ընդլայնումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am