ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Սուրբ Էջմիածինը շարունակում է մնալ անսասան, Փաշինյանն ու ՔՊ վերնախավը հարձակման նոր փուլ են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն առաջին հերթին դրսևորվեց Փաշինյանի հրահանգով նրան ենթակա մի հիմնարկում «զեկույց» շարադրելով: Դրա շարունակությունը եղավ ԱԺ-ում «քննիչ հանձնաժողով» ձևավորելը: Այդ քպական հանձնաժողովն էլ, իբր, պետք է քննի վերոհիշյալ զեկույցը, որը մի շարք քննադատների կողմից արդեն արժանացել է «բամբասանագիր» բնորոշմանը:

Մինչ այդ «քննիչ հանձնաժողովին» կամ «զեկույցին» վերաբերող մյուս դիտարկումներին անցնելը, կարծում ենք, տեղին է հիշեցնել, որ փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, արդեն մեկուկես տարի է, ինչ իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով ու ամենակատաղի «քարոզչությամբ» ագրեսիվ հարձակումներ է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա: ՀԱԵ նկատմամբ ատելության ու այն ամեն գնով ոչնչացնելու այդ նպատակադրումների հիմնապատճառներից մեկն այն է, որ կա Հայաստանի ու աշխարհասփյուռ հայությանը միավորող, ցանցային, գործող, հանրային ամենամեծ վստահությունը վայելող ազգային հոգևոր ինստիտուտ, որը դուրս է իշխանության վերահսկողությունից: Ավելին, Հայ առաքելական եկեղեցին մնացել է այն եզակի ինստիտուտներից մեկը, որ ոչ միայն ուղղակիորեն զուգահեռվում է ազգային ինքնությանը և ինքնանույնականացմանը, ոչ միայն կրողն ու պահապանն է հոգևոր-մշակութային ու պատմական բազմադարյա ժառանգության ու ավանդույթների, այլև տակավին բարձրաձայնում է մեր ժողովրդի անկապտելի իրավունքների մասին, հետամուտ է ազգային ու պետական շահերի պաշտպանությանը:

Տեղին է նաև հիշեցնել, որ 2025 թվականի մայիսից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, ըստ էության՝ նրա քաղաքական շահերն ու հանձնարարություններն սպասարկող ռեպրեսիվ մարմինները հետևողական ու համակողմանի հետապնդումներ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու, Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորական միաբանության գրեթե բոլոր նկատելի ներկայացուցիչների դեմ: Այդ հետապնդումների զուտ թվարկումն անգամ բավարար է՝ համոզվելու համար, որ սա ոչ թե մեկ անձի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված հարձակում է, ինչպես ներկայացնում են աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, այլ ուղղակիորեն պատերազմ է Ազգային եկեղեցու դեմ:

Եվ ահա, Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նպատակները Փաշինյանը նախ՝ փաթեթավորեց «նախընտրական ծրագրում», ապա դա դարձրեց կառավարության ծրագրի մաս, ըստ էության: Հետո իշխանական ֆեյքավարության խորխորատներում, զանազան բամբասանքներից ու զազրախոսական «մեղադրանքներից» կազմվեց հիշյալ զեկույց-բամբասանագիրը: Հիմա էլ, այդ ամենին լեգիտիմություն հաղորդելու, կարծեցյալ ինչ-ինչ ձևական կողմեր ապահովելու համար ԱԺ-ում զուտ քպականների միջոցով ձևավորվում է խորհրդարանական «քննիչ հանձնաժողով»:

Իրավական տեսանկյունից այն ամենը, ինչ անում են Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը, բացարձակ ապօրինություն է, հակասահմանադրական, ավելին՝ հակականոնական: Հենց այդ գնահատականներն էր տվել Մայր Աթոռը հիշյալ «զեկույցին»:

Առանց հույզերի. Եկեղեցին պետությունից անջատ է: Սահմանադրության և օրենքների համաձայն, պետությունը, իշխանության մարմինները բացարձակապես ոչ մի իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին, ինքնավարությանը: Այստեղ կարելի էր մի մեծ վերջակետ դնել: Բայց իրողությունն այն է, որ աշխարհիկ իշխանությունը հանդես է գալիս որպես անիրավության նախաձեռնող, օրենքի և օրինականության ոտնահարող: Ավելի շուտ այդ դրսևորման վերաբերյալ պիտի «քննիչ հանձնաժողով» կազմվեր:

Իրավականից զատ, կա խնդրի բարոյական, եթե կուզեք՝ բարոյաքաղաքական կողմը: Ախր ո՞վ, ո՞ր իշխանությունն է համարձակվում խոսել ու ինչի՜ մասին:

Քննիչ հանձնաժողո՞վ: Այնքա՜ն հարցեր կան, որ քննության կարիք ունեն: Արժեր քննիչ հանձնաժողով ձևավորել պարզելու համար, թե ինչի հետևանքով է 8 տարվա մեջ կրկնապատկվել Հայաստանի պետական պարտքը, ինչի վրա են մսխվել այդ միջոցները: Կամ ինչ հանգամանքներում և ինչպես է ՔՊ-ն ուրացել Արցախը 2022 թ. հոկտեմբերի 6-ին (ուղիղ 4 տարի առաջ) Պրահայում, կոնկրետ ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի դիմաց, ում դրդմամբ է ավելի վաղ մերժել Մինսկի խմբի առաջարկությունները (նախքան պատերազմը), ինչպես է զուտ բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ հանձնել Ադրբեջանին (Գորիս-Կապան ճանապարհ): Ինչ մանիպուլ յացիաներ է արել ԿԸՀ-ն՝ ընտրությունների արդյունքների հետ: Ինչ հանգամանքներում են Ազատի կացարանում ողջ-ողջ այրվել 15 զինծառայող, ինչ են եղել «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոն դոլարի չափ միջոցները, որ կառավարությունը իր հայեցողությամբ վերցրել էր: Հա, ի դեպ, քննիչ հանձնաժողով ասացինք, միտներս եկավ. ի՞նչ եղավ 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, ինչո՞ւ այն «տակով արվեց», չնայած բացառապես քպականների միջոցով էր կազմվել:

Ինչ վերաբերում է երևույթի բարոյական կողմին, ապա հենց զուտ այն, որ փաշինյանական իշխանությունը նույնիսկ ավելի բուռն ատելություն է դրսևորում Հայ առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ, քան նույնիսկ թշնամիները, այնքան խոսուն է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա:

Այսինքն, ի՞նչ, Հայաստանում էլ ուրիշ խնդիր չի մնացել, այն աստիճան անելու բան չկա, որ աշխարհիկ իշխանությունը հոգևորականների վեղարներն է ճանկռո՞ւմ: Սոցիալական ու տնտեսական լրջագույն պրոբլեմների առաջ է կանգնած երկիրը, ի դեպ, հենց Փաշինյանի ու նրա «կառավարման» հետևանքով, դեռ չենք խոսում թշնամական արտաքին սպառնալիքների ահագնանալու մասին: Ու այդ խորապատկերում Փաշինյանի կյանքի նպատակը Հայ եկեղեցու դեմ պատերա՞զմն է:

Մի իշխանություն, մի քաղաքական խումբ, որը հազարավոր զոհեր է բերել իր իշխանության 8 տարվա ընթացքում, ահռելի ու նաև անդառնալի կորուստների պատճառ է դարձել, մի իշխանություն, որ երկիրը վերածել է մի բացօթյա բանտի, մի իշխանություն, որ ազգայինը վտանգավոր է համարում, համարձակվում է ձեռք բարձրացնե՞լ Ազգային, Քրիստոսահաստատ եկեղեցու դեմ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular