Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակում որոշում կընդունի Իրանի նկատմամբ հետագա գործողությունների վերաբերյալ՝ կրկին չբացառելով ամերիկյան ռազմական գործողության վերսկսման հնարավորությունը, հայտնում է Reuters-ը։
«Ես որոշում կունենամ Իրանի վերաբերյալ։ Իրանը ոչնչացվելու է։ Այնպես որ հարցը միայն այն է, թե դա հեշտ ճանապարհ կլինի, թե դժվար», — ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տնից հեռանալիս։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Իրանը «գործնականում հրաժարվում է» միջուկային զենք ստեղծելու ծրագրերից։
Հայտարարությունը հնչել է հաջորդ օրը այն բանից հետո, երբ Axios-ը հայտնել էր Քեմփ-Դեյվիդում Թրամփի ազգային անվտանգության հարցերով առաջատար խորհրդականների գաղտնի հանդիպման մասին։ Պարբերականի տվյալներով, այնտեղ քննարկվել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի տարբերակները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եմենում հութիների միջև հակամարտության շուրջ իրավիճակը։
Միևնույն ժամանակ Իրանը պատրաստում է ավելի լայնածավալ և կոշտ պատասխանի այն դեպքում, եթե վերսկսվեն ամերիկյան խոշոր հարվածները, Reuters-ին հայտնել են մի քանի աղբյուրներ։ Ըստ նրանց, Թեհրանը միաժամանակ շարունակում է դիվանագիտական ջանքերը, թեև իրանական ղեկավարության ներսում դրանց հաջողության հնարավորությունները բարձր չեն գնահատում։
Reuters-ի տվյալներով, իրանցի ռազմական հրամանատարները դիտարկում են հավանական թիրախների ցանկի ընդլայնման հնարավորությունը։ ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտներից բացի, խոսքը կարող է վերաբերվել այն երկրներին, որոնք աջակցում են ամերիկյան ռազմական գործողություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքից դուրս գտնվող թիրախներին։
Այս ծրագրերը քննարկվում են յոթ ամիս տևած հակամարտությունից հետո, որը սկսվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով։ Ապրիլի 8-ին կնքված հրադադարը, որը վերջ էր դրել 40-օրյա պատերազմին, դադարեցրել էր լայնածավալ մարտական գործողությունները, սակայն առանձին բախումները շարունակվել էին։