Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻնդուկցիոն վառարանը՝ սալօջախը բաղկացած է պղնձե մետաղալարի կծիկներից, որոնք տեղադրված են ապակե-կերամիկական մակերեսի (կամ կոփված ապակու) տակ: Այդ մետաղալարի միջով հոսում է փոփոխական էլեկտրական հոսանք՝ ստեղծելով էլեկտրամագնիսական դաշտ, որը արձագանքում է խոհանոցային ամանեղենի ֆերոմագնիսական հիմքին: Նույնիսկ 20-րդ դարի սկզբին հայտնված ինդուկցիոն վառարանների առաջին արտոնագրերը հիմնված էին նույն սկզբունքի վրա: Այն ժամանակից մինչև 1970-ական թվականները ինդուկցիոն տաքացումը հիմնականում ցուցադրական տեխնոլոգիա էր, որն օգտագործվում էր հիմնականում մետաղը արդյունաբերական նպատակներով թրծելու համար, բայց նույնիսկ այն ժամանակ այն լայնորեն չէր կիրառվում:
1933 թվականին Չիկագոյի «Առաջընթացի դար» համաշխարհային ցուցահանդեսում է ինդուկցիոն սալօջախի տեխնոլոգիան առաջին անգամ ցուցադրվել աշխարհին: Տնային ինդուկցիոն վառարանի առաջին կոնցեպտը ներկայացվել է General Motors-ի ստորաբաժանում Frigidaire-ի կողմից: Ցուցադրության ժամանակ այդ վառարանի վրա եռացվել է թեյնիկ՝ նրա և մակերեսի միջև դրված թերթով: Սակայն այդ սալօջախը այդպես էլ արտադրության մեջ չի մտել։
Westinghouse Electric Corporation-ի հետազոտական և զարգացման կենտրոնը Չերչիլ Բորոյում, Փիթսբուրգի մոտ, 1970-ականների սկզբին է մշակել ԱՄՆ–ի առաջին ժամանակակից ինդուկցիոն կաթսան: Դրանք առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել են 1971 թվականին Հյուստոնում (Տեխաս) կայացած Տնային կառուցողների ազգային ասոցիացիայի համաժողովում: Դրանք ինքնուրույն, մեկ այրիչով սալօջախներ էին, որոնք կոչվում էին Cool Top Induction Range: Նման ինդուկցիոն կաթսայի շուկայական գինը 1500 դոլար էր: Փաթեթը ներառում էր նաև Quadraply-ի բարձրորակ խոհանոցային պարագաներ: Հետագայում ստեղծված Cool Top 2–ի մակերեսն ուներ չորս այրիչ, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 1600 վատտ հզորությամբ էր, և այն արտադրվել է 1973-ից 1975 թվականներին: Այդ վաղ ինդուկցիոն վառարանները ցածր հզորություն ունեին, անվստահելի էին և բավականին աղմկոտ։ Եվրոպայում առաջին կենցաղային տեխնիկայի արտադրողը, որը թողարկել էր ինդուկցիոն վառարան, գերմանական Neff ընկերությունն էր, և դա եղել էր դեռ 1957 թվականին, այսինքն ավելի վաղ: Թեև ընկերության արտադրանքի շարքը ներառում էր ինդուկցիոն վառարաններ և խոհանոցներ, բայց դրանք հայտնվել են միայն 1964 թվականին։ Սակայն, ինչպես ամերիկյան ընկերությունների դեպքում, զանգվածային սպառողը չի գնահատել այս նորարարական պատրաստման մեթոդը դրա բարձր գնի պատճառով։ Մինչև 1990-ական թվականները ինդուկցիոն ջեռուցման տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում էին արդյունաբերության մեջ։ Միայն 20-րդ դարի վերջում կենցաղային ինդուկցիոն սալօջախների արտադրության արժեքը նվազեց այնպիսի մակարդակի, որ դրանք մատչելի դարձան սպառողների լայն շրջանակի համար։
Ներկայումս Եվրոպան կենցաղային ինդուկցիոն վառարանների առաջատար արտադրողն է։ Ի տարբերություն Ասիայի կամ Ամերիկայի, այդ տարածաշրջանը միշտ հայտնի է եղել մոլորակի շրջակա միջավայրի և ռեսուրսների պահպանման նկատմամբ իր ամենամեծ մտահոգությամբ։ Սակայն Եվրոպայում միայն երեք ընկերություն ունի ինդուկցիոն կծիկներ արտադրելու տեխնոլոգիա՝ ֆրանսիական Fagor-Brandt ընկերությունը, գերմանական E.G.O. ընկերությունը և B/S/H-ի իսպանական ստորաբաժանումը: Բոլոր մյուս ապրանքանիշերը, որոնք առաջարկում են ինդուկցիոն վառարաններ կամ եփող սարքեր, ստիպված են պատվիրել իրենց կծիկները վերը նշված արտադրողներից մեկից։

Կ.Խաչիկյան