«Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրևելագետ և թուրքագետ Վլադիմիր Ավատկովը հանդես է եկել Rutube-ի «Empathy Manuchi» ալիքում պարզաբանելով Հայաստանում ծավալվող իրավիճակը, գրում է mpsh.ru–ն։ «Հարավային Կովկասը ավանդաբար եղել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի բախման թատերաբեմ։ Սա դարերի պատմություն ունեցող երևույթ է։ Մենք բազմիցս ենք ասել մեր հայ գործընկերներին, որ նրանք պետք է հստակ ընտրություն կատարեն․ եթե շարժվում են դեպի Եվրոպական միություն, ապա չեն կարող միաժամանակ մնալ Եվրասիական միության կազմում։ Դա ասվել է միանշանակ կերպով»,- հայտարարել է նա։
Այնուհետև նա հավելել է․ «Հայաստանի համար դեպի Արևմուտք շարժվելը նշանակում է շարժվել դեպի Թուրքիա։ Հենց Թուրքիայի Հանրապետությունն է գտնվում Հայաստանից արևմուտք․ այնտեղ Փարիզը չէ, այլ բոլորովին այլ երկիր է, ոչ Ֆրանսիան է, ոչ էլ Գերմանիան։ Եվ ինձ թվում է, որ Երևանում լիովին չեն գիտակցում, որ այնտեղ Թուրքիան է իր բոլոր դրական և բացասական կողմերով»։
Ավատկովը նաև մի հարց է բարձրացրել, որին Երևանում պատասխան չկա։ «Արդյո՞ք Երևանում որևէ մեկը մտածել է, թե ի՞նչ կլինի սահմանների բացումից հետո, մի բան, որին ներկայումս ձգտում են և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան։ Թուրքական կողմը, անշուշտ, ամեն ինչ հաշվարկել է, Վրաստանի միջոցով Ադրբեջանը Թուրքիային կապելը երկար և բարդ ուղի կլիներ, Հայաստանի միջոցով անցնելն ավելի պարզ և արագ կլինի։ Եվ հենց դա էլ սպասվում է Հայաստանին,– ասել է նա,– իսկ ի՞նչ կարելի է ասել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, մի բան, որը թուրքերը երբեք չեն ընդունի։ Արդյո՞ք Ֆրանսիան կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունն այնպես, ինչպես Ռուսաստանն է արել այդքան տարիներ։ Չի պաշտպանի, ինչո՞ւ պետք է պաշտպանի»։
Սրանք ոչ թե հռետորական հարցեր են, այլ փաստերի արձանագրում։ Հայաստանը երես է թեքում Ռուսաստանից, որը պաշտպանում էր իրեն, և շարժվում է դեպի Թուրքիա, որը երբեք չի պաշտպանել իրեն: Փաշինյանը պնդում է, որ ռուսական ռազմակայանը «կենսական անհրաժեշտություն չէ»։ Մինչդեռ, եթե Ռուսաստանը հեռանա, Հայաստանը միայնակ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի դեմ հանդիման։ Փաշինյանը ձգտում է «դիվերսիֆիկացիայի» և հայացքն ուղղում է դեպի Արևմուտք, բայց Արևմուտքը միայն Փարիզը չէ. Արևմուտքը նաև Թուրքիան է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am