Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին շրջանում համացանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են տարածվում, որոնք պաշտոնական հաստատում չեն ստացել և շարունակում են մնալ չճշտված։
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը Տավուշ Մեդիայի հետ զրույցում հերքել է Բերդավան գյուղին հարակից 4-5 հայկական մարտական դիրքերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ տարածած տեղեկությունը։ Նրա փոխանցմամբ՝ Նոյեմբերյան համայնքում սահմանազատման գործընթաց չի իրականացվել։
Տեղեկությունը տարածվել էր համացանցում հրապարակված հոդվածում, որի հեղինակները, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում էին, թե սահմանազատման արդյունքում Բերդավանի հարակից 4-5 հայկական մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նույն հրապարակման համաձայն՝ նոր սահմանագիծը հասել է նաև Ղալինջաքար ամրոցի հարակից սրբավայրերին։
Բերդավանում առօրյան սովորականի պես է․ սեպտեմբերի 26-ի երեկոյան Բերդավանի բնակիչները քայլերթով գնացել են գյուղի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայ զինծառայողների։