Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի դաշնային հող Բավարիայում զբոսաշրջային ավտոբուսը դուրս է եկել A96 մայրուղուց և շրջվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է t-online-ը։
Եվս մի քանի տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել, որոնցից ութը գտնվում են ծանր վիճակում։
Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ Վերին Բավարիայի Բուխլոե քաղաքի մոտ։ Ոստիկանության նախնական տվյալներով, ժամը մոտ 6:00-ին Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջային խմբով ավտոբուսը, առանց այլ տրանսպորտային միջոցի հետ բախման, դուրս է եկել ճանապարհի աջ եզրից։ Տրանսպորտային միջոցը դուրս է թռել մայրուղուց և ընկել հարևանությամբ գտնվող փոսի մեջ։
Վթարի պահին ավտոբուսում եղել է մոտ 50 մարդ։ Երկու ուղևոր մահացել է տեղում։ Սկզբում ոստիկանությունը հայտնել էր մոտ 25 տուժածի մասին, սակայն ավելի ուշ ճշտել էր, որ ութ մարդ ստացել է ծանր վնասվածքներ, իսկ շատերը՝ թեթև։ Տուժածներից մեկը առավոտյան գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի վայրում իրականացվել է լայնածավալ գործողություն՝ փրկարարների և արտակարգ ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ։ Վթարի հատվածում A96-ի երթևեկությունը փակվել է երկու ուղղություններով։
Ոստիկանության տվյալներով, ավտոբուսը պատկանել է զբոսաշրջային ընկերության և ուղևորվում էր Ցյուրիխից Միլան։ Միաժամանակ, ինչպես հայտնել էր Bild թերթը, ուղևորները Միլան հասնելուց հետո ծրագրում էին մեկնել Մյունխեն, որտեղ այս օրերին անցկացվում է Օկտոբերֆեստը։
Պատճառները, որոնց հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից, առայժմ չեն հաստատվել։ Ոստիկանությունը շարունակում է պարզել վթարի հանգամանքները։