Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը, հավանաբար, ցանկանում է գումար վաստակել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանից, և Հայաստանի վարչապետի այս մտադրությունը, անկասկած, կսրի լարվածությունը Մոսկվայի և Երևանի միջև։ Նման կարծիքով են ura.news-ի հետ զրույցում կիսվել փորձագետները մեկնաբանելով Հայաստանի ղեկավարի հայտարարությունը հանրապետությունում ռուսական զորքերի ներկայության պայմանները վերանայելու վերաբերյալ։
Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության նոր պայմանների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն ունի ֆինանսական ենթատեքստ, ura.news-ին ասել է քաղաքագետ Նիկոլայ Տոպորնինը։ «Ռազմակայան տեղակայելը միշտ եկամուտ է նշանակում ընդունող երկրի համար, հատկապես այնպիսի երկրի դեպքում, որտեղ բնակչությունը հարուստ չէ։ Օրինակ ԱՄՆ-ը բյուջետային եկամուտներ է ապահովում այն օտարերկրյա պետությունների համար, որտեղ տեղակայում է նման օբյեկտներ։ Ես չգիտեմ, թե որքան է Ռուսաստանի Դաշնությունը ծախսում Հայաստանում իր զորքերի վրա, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է, բայց ենթադրում եմ, որ Երևանը ռազմակայանի պատճառով ծախսեր չի կրում (կամ գոնե էական ծախսեր), սակայն դրանից բյուջետային եկամուտներ ևս չի ստանում։ Սա կարող է հիմք հանդիսանալ Փաշինյանի Գյումրիում մեր ռազմակայանի ներկայության պայմանները վերանայելու ձգտման համար», - պարզաբանել է նա։ Այս սակարկությունը հատկապես կարևոր է Փաշինյանի համար հենց հիմա հաշվի առնելով այն կորուստները, որոնք Հայաստանը կրում է Ռուսաստան իր արտադրանքի հիմնական մասի արտահանման սահմանափակումների պատճառով (Երևանին չի հաջողվել ռուսական շուկան փոխարինել եվրոպականով), շարունակել է քաղաքագետը։ Նույնիսկ ռուսական գազի ներկրման դադարեցումը, որը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային տեխնիկական սպասարկմամբ, ազդեցություն ունեցավ Երևանի վրա, և պատահական չէ, որ հայտարարվեց Ադրբեջանից՝ իրենց վաղեմի հակառակորդից, այդ ռեսուրսը գնելու ծրագրերի մասին, հավելել է փորձագետը։
Փաշինյանի համար նման հայտարարություն անելը քաղաքական քայլ է, որը անհնար է թաքցնել Ռուսաստանից։ Հայաստանի վարչապետը հասկանում է, որ ռուսական կողմը դժվար թե համաձայնի բանակցել Գյումրիում իր ռազմակայանի առկայության շուրջ, ura.news-ին ասել է քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի ավագ դասախոս Ալեքսեյ Զուդինը։ «Ցավալի է, որ Փաշինյանը բոլորովին մտահոգված չէ հայ ժողովրդի ծանր վիճակով։ Հայաստանի դիրքը Հարավային Կովկասում արդեն իսկ հեռու է իդեալական լինելուց։ Մինչդեռ ռուսական զորքերի դուրսբերման դեպքում այն լիովին կկորցնի իր «անվտանգության հովանոցը» դառնալով չափազանց խոցելի արտաքին հակառակորդների առջև», - հայտարարել է փորձագետը։
Քաղաքական գործընթացների փորձագիտական աջակցության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Յարոշենկոն էլ ավելի կոշտ է գնահատել Փաշինյանի հայտարարությունները։ Նա կարծում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի վերաբերյալ հայտարարություններ անելով Հայաստանի վարչապետը միտումնավոր կերպով դրդում է Ռուսաստանին կիրառելու պատասխան պատժամիջոցներ, որպեսզի դրանք օգտագործի որպես պատրվակ հակառուսական տրամադրություններ (ռուսոֆոբիա) հրահրելու համար։ «Փաշինյանն իր իսկ ժողովրդի դավաճանն է, ով գործում է արևմտյան լոբբիի շահերից ելնելով։ Ինչո՞ւ է այս պիտակը տեղին։ Բանն այն է, որ հայերի մեծ մասը բնակվում է Ռուսաստանում և բարձր է գնահատում նրա մշակույթն ու պատմությունը, մինչդեռ նա փորձում է խզել այդ կապերը դրանով իսկ վնաս հասցնելով ողջ հայ ազգին։ Չէ՞ որ հակառուսական ուղղագիծը խորացնելով նա երկիրն ավելի է մոտեցնում այն սցենարին, որին բախվեց Ուկրաինան։ Սա իսկական դավաճանություն է», - ընդգծել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է բանակցել հանրապետության տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայության պայմանների շուրջ։ Նրա խոսքով 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ռազմակայանը վճռորոշ դեր չի խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Նա ընդգծել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի դուրս բերել ռազմակայանը, հանրապետությունը չի խոչընդոտի դրան։ Սակայն, եթե Մոսկվան մտադիր է պահպանել այն, հայկական կողմը պատրաստ է քննարկել դա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am