ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ տարվող քաղաքականությունը ունի պետականորեն կազմակերպված միտումնավոր բնույթ։ Խոսքը ոչ միայն եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանատների, արձանագրությունների, որմնանկարների կամ թանգարանային հավաքածուների ֆիզիկական ոչնչացման մասին է, այլ ավելի խորքային երևույթի՝ պատմական հիշողության վերաձևման, տարածքի ինքնության վերակոդավորման, և այդ տարածքում հայկական ներկայության իրավական, մշակութային ու հոգեբանական ջնջման մասին։

Արցախի բռնազավթված տարածքներում և Նախիջևանում տեղի ունեցածը (ունեցողը) ցույց է տալիս, որ Բաքվի քաղաքականության առանցքում կանգնած է ոչ թե պարզապես «մշակութային ժառանգության վերահսկողության» հարցը, այլ հայկականության հետքը որպես քաղաքական փաստ, որպես պատմական փաստարկ և որպես ինքնության ապացույց վերացնելու ծրագիրը։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի գործողությունները փորձագետների, հետազոտական կառույցների և միջազգային քաղաքական մարմինների կողմից հաճախ բնութագրվում են որպես մշակութային ջնջում, էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն։

Եվրոպական խորհրդարանը նույնիսկ 2022 թվականի մարտի 10-ի բանաձևով խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու շարունակական քաղաքականությունը՝ արձանագրելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները։

Այս քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է միաժամանակ մի քանի շերտով։ Առաջին շերտը ֆիզիկական ոչնչացումն է։ Օրինակ՝ այն, ինչ տեղի ունեցավ Ջուղայի հայկական խաչքարերի գերեզմանատան հետ Նախիջևանում, դարձավ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության կորստի խորհրդանիշ։ Երկրորդ շերտը յուրացումն է, երբ հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, արձանագրությունները և ճարտարապետական ամբողջ համալիրները ներկայացվում են որպես «աղվանական», «ուդիական» ու, ընդհանրապես, ոչ հայկական։ Երրորդ շերտը պատմական կեղծիքն է, երբ այդ վերագրումը ոչ թե գիտական քննարկման, այլ պետական քարոզչության, կրթական նյութերի, պաշտոնական ելույթների, «վերականգնողական» նախագծերի և վերահսկվող կրոնական բեմադրությունների միջոցով խեղաթյուրվում է պատմական իրականությունը։ Չորրորդ շերտը մեղադրանքի շրջումն է, երբ նույն պետությունը, որը սեփական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանների ինքնությունը փոխում, վնասում կամ ոչնչացնում է, սկսում է Հայաստանին մեղադրել «մշակութային արժեքներ գողանալու», «արտեֆակտներ տեղափոխելու» կամ «պատմությունը կեղծելու» մեջ։ Սա դասական քարոզչական մեխանիզմ է, որի դեպքում սեփական գործողությունը վերագրվում է զոհին, որպեսզի հանցագործության փաստը ծածկադմփոց արվի մեղադրանքի մշուշի մեջ, իսկ միջազգային լսարանի համար ստեղծվի «երկու կողմերն էլ մեղավոր են» տպավորությունը։

Ադրբեջանի համար հայկական մշակութային ժառանգության հարցը միայն հուշարձանների հարց չէ։ Այն ուղիղ կապ ունի 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների, Արցախի հայաթափման ու բռնի տեղահանման հետ։ Երբ տարածքից հեռացվում է բնիկ բնակչությունը, հաջորդ քայլը դառնում է այդ բնակչության հիշողության, գերեզմանների, եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, հուշարձանների և տեղանունների վերացումը կամ յուրացումը։ Եթե մարդն այլևս չկա իր հողում, նրա ներկայությունը շարունակում են վկայել քարերը, արձանագրությունները, խաչքարերը, որմնանկարները, շինությունները, ձեռագրերը, վանական համալիրները։ Հենց այդ պատճառով մշակութային ժառանգությունը դառնում է հաջորդ թիրախը։

Բաքուն լավ հասկանում է, որ հայկական եկեղեցու պատին պահպանված հայերեն արձանագրությունը, խաչքարի պատկերագրությունը, միջնադարյան գրությունը կամ վանքի պատմական հիշատակությունը կարող են լինել ոչ պակաս ուժեղ փաստարկ, քան քաղաքական փաստաթուղթը։ Ուստի մշակութային ժառանգության ոչնչացումը դառնում է տարածքի «նոր կենսագրություն» գրելու նախապայման։ Սրա վտանգը միայն անվանափոխման մեջ չէ։ Երբ հուշարձանի ինքնությունը փոխվում է, փոխվում է նաև դրա պահպանության տրամաբանությունը։ Եթե հայկական արձանագրությունը հայտարարվում է «հետագայում ավելացված կեղծ հետք», ապա այն կարող է հեռացվել որպես «վերականգնման» մաս։ Եթե խաչքարը ներկայացվում է որպես «օտար միջամտություն», այն կարող է տեղափոխվել կամ ոչնչացվել։ Եթե եկեղեցու հայկական ճարտարապետական շերտը հայտարարվում է «աղավաղում», ապա դրա վերականգնումը կարող է վերածվել «պատմական մաքրման»։

Սակայն խնդրի ամենացավոտ կողմերից մեկն այն է, որ Ադրբեջանի այս գործողությունները հաճախ չեն արժանանում բավարար և գործնական միջազգային հակազդեցության։ Դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում մոնիտորինգի մեխանիզմներ, փաստահավաք առաքելություններ, պատժամիջոցներ, վերականգնման վերահսկողություն և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայություն, ապա Բաքուն դրանք ընկալում է որպես քաղաքական աղմուկ, ոչ թե իրական զսպող գործոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների հարցը տարիներ շարունակ բախվել է մուտքի, մանդատի և քաղաքական համաձայնության խնդիրների։ Երբ միջազգային կառույցները չեն կարողանում ժամանակին մտնել տարածք, փաստագրել վիճակը և հրապարակել պարտադիր ուժ ունեցող գնահատականներ, այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական պետական քարոզչությամբ։ Իսկ երբ Հայաստանի իշխանությունների արձագանքը ամբողջությամբ բացակայում է և այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք չկա, Բաքուն ստանում է հավել յալ հնարավորություն՝ իր կեղծ պատումներն առաջ տանելու ոչ միայն սեփական հասարակության, այլև միջազգային հարթակների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular